Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.11.2026 | 16:182027 թվականի տարեկան բյուջեի քննարկման ժամանակ թեժ բանավեճ ծավալվեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի միջև։ Քննարկման առանցքում էին Շիրակի մարզում կարկտահարության դիմաց փոխհատուցումների ուշացումը, արտահանման խթանման ծրագրերը, սպանդանոցների բացակայությունը և Ռուսաստանի ու ԵՏՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները։
Ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը բարձրացրեց Շիրակի մարզի մի շարք համայնքների (Մարմաշեն, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան/Առափի և այլն) բնակիչների խնդիրը, որոնք արդեն երկու տարի շարունակ տուժել են կարկուտից, սակայն մինչ օրս փոխհատուցում չեն ստացել։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է գործընթացը ձգձգվում, և որքա՞ն գումար է նախատեսված հաջորդ տարվա բյուջեով։
Ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանեց, որ 2024 թվականին, երբ ապահովագրական համակարգը փաստացի լիարժեք չէր գործում, կառավարությունն իր վրա վերցրեց վնասների ամբողջական սուբսիդավորումը՝ նախկին ապահովագրական տրամաբանությամբ։
«Էկոնոմիկայի նախարարությունն արդեն իսկ ստացել է 400 մլն դրամի հաշիվներ, որոնք ամբողջությամբ վճարվել են ապահովագրական ընկերություններին։ Կա ևս մոտ 400 մլն դրամի փաթեթ, որը գտնվում է Կենտրոնական բանկի գյուղատնտեսական հիմնադրամում և ապահովագրական ընկերություններում՝ ստուգումների և ճշգրտումների փուլում։ Հենց այդ հաշիվները ներկայացվեն նախարարություն, անմիջապես կվճարվեն»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ իրենք ևս շահագրգիռ են հարցը շուտափույթ փակել մինչև բյուջետային տարվա ավարտը։
Ըստ նրա՝ հաջորդ տարվա համար նախատեսվել է 400 մլն դրամ, որն անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել վերաբաշխումների հաշվին։
Մանուկյանն անդրադարձավ նաև արտահանման աջակցության նվազեցմանը՝ նշելով, որ բյուջեի նախագծով նախկին 2.1 մլրդ դրամի փոխարեն նախատեսվել է ընդամենը 1 մլրդ դրամ։ Պատգամավորի դիտարկմամբ՝ ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ առկա խնդիրների ֆոնին կառավարությունը պետք է ոչ թե կրճատեր, այլ ավելացներ աջակցությունը, որպեսզի գյուղացին կարողանար դիվերսիֆիկացնել իրացման շուկաները։
Գևորգ Պապոյանը հակադարձեց՝ հայտնելով, որ ընթացիկ տարում արտահանման աջակցության համար նախարարությունն արդեն ծախսել է ոչ թե 2.1 մլրդ, այլ 14–15 մլրդ դրամից ավելի գումար։
«Նախորդ տարի այս ժամանակ բյուջեն կազմելիս հնարավոր չէր կանխատեսել այն անհիմն սահմանափակումները, որոնք կիրառվեցին հայ արտադրողների նկատմամբ ռուսական շուկա մուտք գործելիս։ Այդ պատճառով մենք ամեն ամիս՝ 3, 3.5, 4.5 մլրդ դրամի չափով սուբսիդավորում ենք իրականացրել»,- ասաց նախարարը։
Նա նաև շեշտեց, որ հայկական արտադրանքն իր բարձր որակի շնորհիվ կարողացել է արագորեն տեղ գտնել նոր շուկաներում՝ Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, ԱՄԷ-ում և ԵՄ-ում, և այդ ուղղություններով արտահանման ծավալներն արդեն իսկ 1/3-ով աճել են։
ԵՏՄ շրջանակներում տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս Պապոյանը նշեց, որ Հայաստանը միությանը միանալիս ունեցել է վատ բանակցային դիրքեր, ինչի հետևանքով առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 700 մլն դոլարից հասել է 2 մլրդ-ի։
Անդրադառնալով ռուսական էժան գազի թեմային՝ նախարարը նշեց. «Մեզ համար պետք է ընդունելի լինի ցանկացած ապրանքի, այդ թվում՝ գազի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ։ Եթե մի բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ՝ գումարած 20 դրամի ինքնիշխանություն»։
Պապոյանի հայտարարություններն առաջացրեցին Մեսրոպ Մանուկյանի բուռն դժգոհությունը։ Պատգամավորը կառավարությանը մեղադրեց «սեփական ձախողումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու մեջ».
«Ամենաշատը դուք ու ձեր թիմն եք ասում՝ Ռուսաստանի հետ մոտիկ եք, Պուտինին դուք եք զանգում։ Բայց հենց խնդիր է լինում՝ ընդդիմությունն է մեղավոր։ Գազը չթանկանա՝ դուք եք տերը, թանկանա՝ դուք եք տերը, գյուղմթերքը չարտահանվի՝ դարձյալ դուք եք պատասխանատուն։ Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս»։
Մանուկյանը նաև քննադատեց Շիրակի մարզում սպանդանոցների բացակայության խնդիրը՝ նշելով, որ ողջ մարզում չկա գործող սպանդանոց, և գյուղացիներին առաջարկում են անասուններին տանել հարևան մարզեր։ Ըստ նրա՝ սպանդանոցների ծրագիրը ձախողվել է, և պետությունը պետք է կոնկրետ լուծումներ առաջարկի, ոչ թե գյուղացուն մենակ թողնի մասնավորի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

