Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
Քաղաքականություն
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի վավերացման օրինագծին՝ ճանապարհ հարթելով երեք երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման համար։
Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը խորհրդարանում վավերացվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) աջակցությամբ։
Օրենսդիրները օրինագիծն ընդունել են խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, որը նախագահել է փոխխոսնակ Ջելալ Ադանը։ Մինչ քվեարկությունը տեղի են ունեցել համաձայնագրի վերաբերյալ քննարկումներ։ Համաձայնագիրը երեք երկրների միջև պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման շրջանակ է ստեղծում՝ ներառելով ռազմական պատրաստվածությունը, համատեղ զորավարժությունները, պաշտպանական տեխնոլոգիաների զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարը և նյութատեխնիկական աջակցությունը։
Փաստաթղթի համաձայն՝ երկրները կխթանեն ռազմարդյունաբերական համատեղ նախագծերը, այդ թվում՝ տեխնոլոգիաների փոխանցումը, համատեղ հետազոտություններն ու մշակումները, սպառազինության արտադրությունը և պաշտպանական նորարարությունները։
Գործընկերությունը նպատակ ունի նաև բարձրացնել զինված ուժերի համատեղ գործելու կարողությունները՝ անձնակազմի փոխանակման, համատեղ ուսումնական ծրագրերի և զորավարժությունների միջոցով։
Համաձայնագիրը նախատեսում է նաև հետախուզական համագործակցության ընդլայնում՝ փոխադարձ համաձայնեցված անվտանգ կապուղիների միջոցով՝ պահպանելով գաղտնիության և տեղեկատվական անվտանգության պահանջները։ Երեք երկրները կհամակարգեն նաև ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը և պարբերաբար խորհրդակցություններ կանցկացնեն միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ։
Համաձայնագիրը հնարավորություն է տալիս ընդհանուր անվտանգության գնահատականների հիման վրա ձեռնարկել անհատական և համատեղ միջոցառումներ՝ իրենց ազգային շահերը պաշտպանելու նպատակով։ Փաստաթուղթը նաև սահմանում է խաղաղ, պատերազմական և արտակարգ իրավիճակներում նյութատեխնիկական աջակցության տրամադրման շրջանակ, որը ներառում է զենքի, զինամթերքի, վառելիքի, պահեստամասերի և այլ ռազմական տեխնիկայի մատակարարում։
Համաձայնագրի իրականացման վերահսկման և երեք երկրների միջև համագործակցության համակարգման նպատակով կստեղծվի Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտե։ Կոմիտեի կազմում կընդգրկվեն երեք երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը։ Հանդիպումները, որպես կանոն, կանցկացվեն տարին երկու անգամ։ Անհրաժեշտության դեպքում, երկրների ղեկավարների որոշմամբ, հանդիպումների հաճախականությունը կարող է կրճատվել՝ հասնելով տարեկան մեկ անգամի։
Կոմիտեի աշխատանքներին աջակցելու նպատակով Սաուդյան Արաբիայում կստեղծվի մշտական քարտուղարություն։
Քարտուղարությունը կղեկավարի գլխավոր քարտուղարը, որը հիմնադիր անդամ երկրների միջև ռոտացիոն սկզբունքով կնշանակվի երեք տարի ժամկետով։ Առաջին գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Պակիստանի ներկայացուցիչը։ Համաձայնագիրը նախատեսում է նաև այլ երկրների միանալու հնարավորություն՝ գործող մասնակիցների համաձայնությամբ և ընթացակարգերի համաձայն։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ երեք երկրներն ավարտեն վավերացման ներպետական ընթացակարգերը, իսկ վավերացման վերջնական փաստաթուղթը ներկայացվի կոմիտեի քարտուղարություն։
Փաստաթուղթը կգործի անժամկետ, սակայն մասնակից երկրներից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ համաձայնագրից՝ 10 տարի անց, այդ մասին դիվանագիտական ուղիներով առնվազն երեք ամիս առաջ գրավոր ծանուցում ներկայացնելու պայմանով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

