Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.11.2026 | 23:40Երգիչ Մհեր Արմենիան ահազանգում է, որ «Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ փորձում են իրեն, կնոջն ու անչափահաս երեխային վտարել բնակարանից։ Երգչի պնդմամբ՝ գործընթացն իրականացվում է անօրինական ճանապարհով և խախտում է իր ընտանիքի իրավունքները։
Մհեր Արմենիայի խոսքով՝ բնակարանը ձեռք է բերել 2014 թվականին՝ հիփոթեքային վարկավորմամբ։ Մինչև 2020 թվականը վարկի վճարումները կատարել է առանց խնդիրների, սակայն 2020 թվականից՝ կորոնավիրուսի համավարակի և պատերազմական իրադարձությունների հետևանքով, մշակութային գործունեությունը դադարել է, ինչի հետևանքով ֆինանսական դժվարություններ են առաջացել։
Երգիչը նշում է, որ 2021-2022 թվականներին սնանկ է ճանաչվել, իսկ բնակարանի սեփականության իրավունքն անցել է «Հայէկոնոմբանկին»։
Մհեր Արմենիայի փոխանցմամբ՝ բանկի ներկայացուցիչները պնդում են, որ ինքը ապօրինի ներխուժել է բանկին պատկանող բնակարան։ Մինչդեռ երգիչը հերքում է այդ պնդումը՝ հայտարարելով, որ բանկի ղեկավարության հետ ունեցել է բանավոր պայմանավորվածություն, իսկ բնակարանի բանալիներն իրեն տրամադրել են հենց բանկի ներկայացուցիչները։
Նրա խոսքով՝ փորձել է նաև բանակցել վարկային պարտավորությունները մեկ այլ բանկ տեղափոխելու և վերավարկավորման շուրջ, սակայն սնանկության կարգավիճակը բարդացրել է գործընթացը։
Երգիչը վիճարկում է նաև բանկի պահանջած գումարի չափը։ Նրա պնդմամբ՝ սնանկության գործընթացում հաստատված պարտքը կազմել է 183 հազար դոլար, մինչդեռ այժմ բանկը պահանջում է 245 հազար դոլար։
Մհեր Արմենիան նշում է, որ բնակարանից վտարելու փորձը տեղի է ունենում հոր մահից ընդամենը երկու օր անց։ Նա չի պատրաստվում ինքնակամ լքել բնակարանը՝ մտահոգություն հայտնելով նաև անչափահաս երեխայի հոգեբանական վիճակի համար։
«Ես վշտի մեջ եմ, իրենք ասում են՝ դուրս արի։ Անչափահաս երեխաս, կինս․․․ ո՞ւր գնանք հիմա։ Երեխան վախեցել է այսքան անծանոթ մարդկանց ներկայությունից»,- նշել է երգիչը։
Մհեր Արմենիայի խոսքով՝ ոստիկանությունն իրավունք չունի իրենց բռնի ուժով դուրս հանել բնակարանից՝ առանց համապատասխան իրավական ընթացակարգերի։ Նա հայտարարել է, որ պատրաստ է ներկայանալ իրավապահ մարմիններին՝ պատշաճ ծանուցում ստանալու դեպքում, և հարցը լուծել օրենքի շրջանակում։
Երգիչը նաև հայտնել է, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։
Factor.am-ի նկարահանման պահին բնակարանն արդեն հոսանքազրկված էր, այնտեղ էին ոստիկանության ծառայողները և բանակի ներկայացուցիչները։ Հայէկոնոմբանկի ներկայացուցիչը հրաժարվել է Factor.am-ին պարզաբանումներ ներկայացնել` առաջարկելով դիմել բանկի իրավաբանական վարչությանը։ Factor.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ բանկի սեփականատեր Սուքիասյանների «Սիլ կոնցերնի» մամուլի խոսնակից, սակայն, նա տեսել է մեր հաղորդագրությունը, բայց ժամեր անց դեռ որևէ կերպ չի արձագանքել։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

