Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
Տնտեսություն
04.11.2026 | 16:58
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Քաղաքաշինության կոմիտեում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են հայկական ընկերությունների հետ համատեղ շինարարական ծրագրերում ներդնել սարքավորումների, շինանյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը։
Հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական համագործակցության խորացման հնարավորությունները քաղաքաշինության ոլորտում։ Կողմերը վերահաստատել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու պատրաստակամությունը։
Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․
«Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը և կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը ներկայացրել են կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները:
Կարևորվել է երկու երկրների միջև քաղաքաշինության ոլորտում ձևավորված համագործակցության խորացումը։
Անդրադառնալով Հայաստանում շինարարության մեծ ծավալներին՝ դեսպանն ընդգծել է, որ իրանական ընկերությունները սարքավորումների, նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը պատրաստ են ներդնել հայկական ընկերությունների հետ համատեղ ծրագրերում։
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախանշված ուղղություններով աշխատանքների իրականացման պատրաստակամությունը»։

