Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
Քաղաքականություն
03.11.2026 | 16:31
Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային գործընթացներն ու տրանսպորտային կապակցվածության ապահովմանն ուղղված քայլերը։ Փաշինյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Մեցոլան իր հերթին վերահաստատել է Հայաստանի հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․
«Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը:
Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան և ընդգծել երկկողմ ակտիվ երկխոսության փաստը՝ ի նպաստ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացման:
Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակելու է սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ երկկողմ հարուստ օրակարգը և վերջերս անցկացված բարձր մակարդակի միջոցառումների շարքը հարաբերությունների ամրության վկայությունն են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը Հայաստան-ԵՄ գործընկերության և մերձեցման ջատագովն է ու ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, տրանսպորտային կապակցվածության ապահովմանը միտված քայլերին:
Հաջորդիվ տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողությունը, որի շրջանակում ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանի նախագահին է փոխանցել Եվրոպական խորհրդարանին ընծայված «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը, որից հետո Ռոբերտա Մեցոլան Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը»:

