Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Քաղաքականություն
01.11.2026 | 11:08
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կասկած է հայտնել Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում ավարտելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է շաբաթ՝ հոկտեմբերի 31-ին, Ատլանտայում G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին․ գրում է dw.com-ը։
«Ես չգիտեմ՝ հնարավո՞ր է արդյոք Ուկրաինայում խաղաղության հասնել բանակցությունների միջոցով։ Հենց դա էլ փորձում ենք պարզել։ Չեմ կարծում, թե այստեղ որևէ մեկը պնդում է, որ մենք խաղաղ կարգավորման շեմին ենք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոյի հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով համաձայնության մոտ լինելու մասին հերթական հայտարարությունից կարճ ժամանակ անց։
«Կարծում եմ՝ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն։ Նախկինում ես այդ մասին չէի ասել։ Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություններ կան, որ մեզ կհաջողվի կարգավորել նաև այս հարցը»,- ամերիկացի բլոգեր Բենի Ջոնսոնին տված մեկնաբանության ընթացքում ասել էր Թրամփը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ռուբիոն ասել է, որ չի հավատում՝ մինչև 2027 թվականի գարունը համաձայնություն ձեռք կբերվի։
«Եվրոպացի դիվանագետները բանակցություններից հեռացել են այն տպավորությամբ, որ Ռուբիոն չի հավատում՝ Պուտինը մինչև 2027 թվականի գարունը կհամաձայնի Ուկրաինայի հարցով որևէ պայմանավորվածության»,- գրել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռաուֆօղլուն X սոցիալական ցանցում։
Ըստ Ռաուֆօղլուի՝ Ռուբիոն եվրոպացի պաշտոնյաներին նաև ասել է, որ Դոնբասի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելը չի բավարարի Կրեմլի տարածքային հավակնությունները։
«Դա չի մեղմի Ռուսաստանի ախորժակը»,- Ռուբիոյի խոսքերն է մեջբերել լրագրողը։
Իսկ ահա Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գնահատմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ատլանտայում չի ցուցադրել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների գնալու՝ Մոսկվայի պատրաստակամությունը։
AFP գործակալության լրագրողի հարցին, թե արդյոք Լավրովը ազդակներ տվել է պատերազմի դադարեցման համար զիջումների գնալու պատրաստակամության մասին, Կալլասը բացասական պատասխան է տվել։
«Նույնիսկ եթե նրանք՝ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները, խոսքերով հակառակն ասեին, նրանց գործողություններն այլ բան են ցույց տալիս»,- ասել է նա։
Կալլասի խոսքով՝ Ռուսաստանը պետք է գործնականում ապացուցի, որ պատրաստ է բանակցությունների։ Նա նշել է, որ հուլիսը, օգոստոսն ու սեպտեմբերը Ուկրաինայի խաղաղ բնակչության համար ամենամահաբեր ամիսներն են եղել։
Ռաուֆօղլուի հաղորդմամբ՝ Ռուբիոն արևմտյան քաղաքական գործիչների հետ զրույցներում նաև հայտնել է, որ Ատլանտայում Լավրովի հետ լիարժեք պաշտոնական հանդիպում չի ունեցել։ Նշվում է, որ նրանք միայն կարճ քննարկել են նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման հարցը։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

