Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները պարտություն են կրել:
Մանվել Խնձրցյանը (57 կգ) որակավորման փուլում ժամանակից շուտ հաղթել է Հարավային Կորեան ներկայացնող Մինհյեո Յունին, իսկ 1/8 եզրափակիչում 7:8 հաշվով պարտվել է ռուսաստանցի Աբուբակար Մուտալիևին:
Նարեկ Հարությունյանը (74 կգ) որակավորման փուլում ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտություն է կրել ռուսատանցի Ինալբեկ Շերիևից:
Հրայր Ալիխանյանը (79 կգ) ևս մեկնարկել է որակավորման փուլից և 0:11 հաշվով տանուլ տվել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Խանիևի դեմ գոտեմարտը:
Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 6 ըմբիշով և մինչև այժմ նվաճել է մեկ արծաթե մեդալ: Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել էր աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) պարտություն էին կրել 1/8 եզրափակիչում ու դուրս մնացել պայքարից։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 10 ըմբիշով և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ: Կարեն Ասլանյանը (63 կգ) կարիերայում առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:
Դավիթ Եղիազարյան

