Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
Հասարակություն
28.10.2026 | 14:34Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 49-ամյա տղամարդու բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 36 թուփ, 9 կգ կանեփի չորացված զանգված, 1 կգ սերմ և հինգ կաթուցիչ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․
«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 49-ամյա մի տղամարդ բակում աճեցնում է կանեփ նաև իրացնում է դրանից ստացած մարիխուանան։
Քրեական ոստիկանները օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի գործընկերների հետ։ Հոկտեմբերի 16-ին իրավապահներն այցելեցին տղամարդուն և բակում հայտնաբերեցին կանեփի բույսեր, չորացրած ցողուններ և տարաներում լցրած դեղնականաչավուն զանգվածներ։
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Դավթաշենի բաժին, որտեղ հայտնեց, թե կանեփն աճեցրել ու թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտաբերվեց կանեփի 36 թուփ, 9 կգ կանեփի չոր զանգված, 1 կգ կանեփի սերմ և հինգ կաթուցիչ։
49-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»։

