99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.10.2026 | 16:12Ազգային ժողովում ունեցած ելույթում «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը քննադատության ենթարկեց «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը՝ հայտարարելով, որ Կառավարությունը պետության համար առաջարկում է մինչև 99 տարվա պարտավորություն՝ առանց Հայաստանի համար տնտեսական օգուտների հստակ հաշվարկ ներկայացնելու։
Մանուկյանը հիշեցրեց, որ հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցեր է ուղղել նախագծի ֆինանսական բաղադրիչի վերաբերյալ, սակայն, իր խոսքով, թվային որևէ հստակ պատասխան չի ստացել։
«Դուք մինչև 99 տարվա պարտավորություն եք առաջարկում պետությանը, բայց չեք ներկայացնում Հայաստանի համար նույնիսկ մեկ տարվա տնտեսական օգուտի հաշվարկը։ Արարատ Միրզոյանին հարց տվեցի հանձնաժողովի նիստի ժամանակ, թվերով իմ ոչ մի հարցին ոչ մի պատասխան չտվեց»,- ասաց Մանուկյանը։
Նա նաև հղում արեց Ֆինանսների նախարարության և Ազգային ժողովի աշխատակազմի եզրակացություններին՝ պնդելով, որ նախագիծը բավարար ֆինանսատնտեսագիտական հիմնավորում չի պարունակում։
«Ակնհայտ է, որ դուք չգիտեք՝ ինչ է լինելու, որովհետև դրա ֆինանսական հաշվարկն ու գնահատականը չկա։ Այդ հեքիաթները, որ միլիոնները գալու են, չկա դա, կեղծ օրակարգ է»,- հայտարարեց նա։
Մանուկյանն անդրադարձավ նաև համաձայնագրի 9-րդ հոդվածին՝ նշելով, որ դրանով նախատեսվում է ընկերությանը շահութահարկից ազատելու հնարավորություն։
«Համաձայնագրի հոդված 9-ում նշվում է, որ այս ընկերությունը շահութահարկից ազատվելու է։ Ժողովո՛ւրդ, աբսուրդ․ այսինքն՝ դուք չեք հաշվում՝ ինչքան շահույթ է լինում, չգիտեք՝ ինչի մասին է խոսքը, բայց արի ու տես՝ շահութահարկից ազատում եք էս ընկերությունը։ Դրա տրամաբանությունը որտե՞ղ է»,- ասաց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

