ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Տեսանյութեր
17.10.2026 | 17:23Հայաստանը սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում։ Ոլորտի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրումն իրականացնել միասնական թվային համակարգով, իսկ 2027 թվականի վերջին ձևավորել երկրաբանական ծառայություն։ Այս մասին Mining Armenia 2026 ֆորումի ընթացքում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Հանածոն, ռեսուրսը երբեմն կարող են առանց գիտելիքի նույնիսկ սպառնալիք լինել պետության համար, և մեր խնդիրն է համատեղ ջանքերով կարողանալ ոչ միայն կառավարել այդ սպառնալիքը, այլև այն դարձնել հնարավորություն, հաջողություն, միջոց՝ կայուն և երկարաժամկետ զարգացման համար»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով` ընդերքօգտագործումը պետք է կազմակերպվի բնության և կենսաբազմազանության պահպանության սկզբունքով՝ ոլորտի տնտեսական զարգացումը համադրելով բնապահպանական պահանջների հետ։
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ նախարարը նշեց, որ նախատեսվում է ընդլայնել թվայնացման գործիքների կիրառումը։ Մասնավորապես, ընդերքօգտագործման բոլոր տեսակի թույլտվությունները հետագայում կտրամադրվեն միասնական համակարգով՝ թվային գործիքների կիրառմամբ։
Մյուս կարևոր ուղղությունը երկրաբանական ծառայության հիմնումն է։ Ակնկալվում է, որ կառույցը կձևավորվի 2027 թվականի տարեվերջին և հնարավորություն կտա մեկ կենտրոնից համակարգելու ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման գործընթացները։
Ելույթի ավարտին Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնեց նաև ֆորումի կազմակերպիչներին արհեստական բանականության գործիքները կիրառելու համար՝ ոլորտի զարգացման հետագա ուղղությունները գնահատելու նպատակով։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

