Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.10.2026 | 17:07Շինարարների փողոցի CPS բենզալցակայանի ապամոնտաժման գործընթացն իրավաչափ չէ։ Factor TV-ի հետ զրույցում այս պնդումն արեց փաստաբան Արսեն Հարությունյանը։
Փաստաբանի պնդմամբ՝ չեն պահպանվել արտադրական վտանգավոր օբյեկտի ապամոնտաժման համար նախատեսված հատուկ ընթացակարգերը։
«Խոսքը ոչ թե սովորական շինության, այլ արտադրական վտանգավոր օբյեկտի մասին է։ Արտադրական վտանգավոր օբյեկտների ապամոնտաժումը հատուկ ընթացակարգի պայմաններում պետք է իրականացվի։ Մասնավորապես՝ պետք է ապամոնտաժման նախագիծ լիներ, նախագիծը պետք է ստանար պատկան մարմինների կողմից փորձաքննություն, այսինքն՝ դրական եզրակացություն, որի պայմաններում նոր պետք է հասկանային՝ ապամոնտաժելու են, և եթե անելու են ապամոնտաժում, ապա ինչ եղանակով»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ բենզալցակայանը կառուցվել է օրինական հիմքերով և գործում է ավելի քան 20 տարի։ Փաստաբանը նաև նշեց, որ մինչ այժմ օբյեկտի առնչությամբ խնդիրներ չեն եղել, և բենզալցակայանին վառելիքի վաճառքի թույլտվություն է տրամադրվել։
«Եթե խնդիր ուներ, այդ դեպքում ինչո՞ւ էր տրվում վաճառքի թույլտվություն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է բենզալցակայանի ապամոնտաժման պատճառներին, փաստաբանն ասաց․ «Կարծում եմ՝ բոլորդ լավ գիտեք, թե որն է պատճառը»։
Նշենք, որ բենզալցակայանը պատկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջը․ օրեր առաջ ընդդիմադիր պատգամավորը Շինարարների փողոցում էր, որտեղ ապամոնտաժվում էին համայնքային հողի վրա կառուցված կրպակներ։ Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանն ասել էր, որ Մանուկյանը ոչ թե կրպակների համար է այդտեղ, այլ աներոջ լցակայանի։ Մեսրոպ Մանուկյանը հերքել էր՝ նշելով, որ իրեն կրպակատերերն են հրավիրել։ Պատգամավորն այսօր Շինարարների փողոցում չէր։ Իսկ Աջափնյակի թաղապետը պնդեց, որ լցակայանն ինքնակամ է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

