Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Քաղաքականություն
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Բաքվում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար առևտրային չվերթով է հատել Թուրքիայի օդային տարածքը։ Այս մասին հայտնել են թուրք պաշտոնյաները։ Դրանից երկու տարի առաջ Անկարան մերժել էր նրա ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածքով անցնելու թույլտվություն տրամադրել՝ Ադրբեջան կատարելիք այցի համար, գրում է Turkiye today-ը։
Պաշտոնյաների խոսքով՝ միջազգային քաղաքացիական ավիացիայի կանոնների համաձայն՝ Թուրքիան չի կարող պահանջել իր օդային տարածքով անցնող կանոնավոր առևտրային չվերթների ուղևորների ցուցակները։ Հերցոգը տարանցիկ թռիչքի համար օգտվել է կանոնավոր չվերթից։ Պաշտոնյաներն այլ մանրամասներ չեն հայտնել։
Գազայում պատերազմի պատճառով Թուրքիան արգելել է Իսրայելի պաշտոնական ինքնաթիռների թռիչքներն իր օդային տարածքով։ Հերցոգի այցը ցույց է տալիս, թե ինչպես է Իսրայելի ղեկավարությունը հասնում Ադրբեջան, որը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի ինչպես Անկարայի, այնպես էլ Իսրայելի հետ։
Flightradar24-ի տվյալները ցույց են տալիս, որ Հերցոգը Բաքու է մեկնել «Ադրբեջանի ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռով։ Ըստ Flightradar24-ի պատկերի՝ ինքնաթիռն անցել է նաև Հայաստանի օդային տարածքով։
Ինքնաթիռի լուսանկարներում երևում են AZAL-ի տարբերանշանները և դռան մոտ տեղադրված «Dreamliner» գրությունը։
2024 թվականի նոյեմբերին Թուրքիան մերժել էր Հերցոգի ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածքով Բաքու մեկնելու թույլտվություն տրամադրելու խնդրանքը։ Նա պետք է մասնակցեր COP29 կլիմայական գագաթնաժողովին։

Հերցոգը հոկտեմբերի 14-ին ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների խորհրդակցության (ԱՓՎԱՄԽ) 7-րդ գագաթնաժողովին, և Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Սամիր Շարիֆովը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը հանդիպել է Հերցոգի հետ։
Այս այցը տեղի է ունենում Անկարայի և Բաքվի միջև լարվածության ֆոնին, որի պատճառն Ադրբեջանի ընդունած որոշումն է տարրական և միջին դպրոցներում գլխաշոր կրելու արգելք սահմանելու մասին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը գագաթնաժողովին մասնակցում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փոխարեն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

