Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
Հրազդանի կիրճին «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ է շնորհվել։ Հարցն ընդգրկված էր ավագանու այսօրվա նիստի օրակարգում, որն ընդունվեց 58 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Պահպանվող տարածքի մակերեսը կազմում է 236.26 հեկտար, որը համայնքային սեփականություն է։
Որոշման նախագծում նշված է, որ Երևանի տարածքում հայտնաբերված ՀՀ Բույսերի Կարմիր գրքային 33 տեսակներից մոտ ¼-ը աճում է Հրազդանի կիրճում: Մշակովի հացահատիկների վայրի ազգակից «Այծակն հաստ» (Aegilops crassa) տեսակը Հայաստանում աճում է միայն Հրազդանի կիրճի ձախափնյա լանջերին: Այստեղ են գտնվում նաև վտանգված «Հիրիկ նրբագեղ» և «Տուղտավարդ Սոֆիայի» (Alcea sophiae) տեսակները։
Կիրճում հանդիպում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված խոցելի տեսակներ՝ 4 անողնաշարավոր, 2 մողես, 3 օձ, 9 թռչուն, 2 չղջիկ, ինչպես նաև 6 ձկնատեսակ։
Տարածքում են գտնվում բնության 2 հուշարձաններ՝ Սբ Սարգիս եկեղեցու մոտ և մանկական երկաթուղու թունելի արևմտյան ճակատամուտքի մոտ գտնվող «Անանուն» սյունաձև բազալտները։
Կառավարման վերջնական պլանը մշակվելու է մինչև 2027 թվականի մարտը: Ծրագիրն իրականացվում է «ՍՈԼՅՈՒՏՈՆ» և «ԳրինՎանս» ՍՊԸ-ների, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի մասնակցությամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ: Մինչ այդ գործելու է ժամանակավոր միջոցառումների ծրագիր։
Արփի Հակոբյան

