Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ ավարտական փուլում են Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։ Վարչապետը շրջել է համաժողովի անցկացման համար նախատեսված տարածքներում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանն ու ենթակառուցվածքներին։ Կառավարության հաղորդմամբ՝ աշխատանքներն իրականացվել են նախատեսված ծրագրին համապատասխան։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ ավարտական փուլում են առաջիկա օրերին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն իրականացվել են՝ ըստ նախատեսված ծրագրի։ Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատեսված տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։

Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ COP17-ի բարձր մակարդակով անցկացումը»։
Հիշեցնենք, որ COP17 համաժողովը նախատեսված է անցկացնել Երևանում՝ հոկտեմբերի 19-ից 30-ը։

