Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Քաղաքականություն
09.10.2026 | 15:20
The Insider-ը հոկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ գտել է հրապարակային հաստատումներ այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 74-ամյակի առթիվ շնորհավորել են առնվազն 15 պետությունների ղեկավարներ։ 2025 թվականին այդ երկրների թիվը եղել է առնվազն 19, 2024-ին՝ 16, 2023-ին՝ 11, իսկ լայնածավալ պատերազմի առաջին տարում՝ 14։ Համադրելով հինգ տարվա տվյալները՝ The Insider-ը հաշվել է, որ 2022 թվականից ի վեր ամեն տարի Պուտինին հրապարակայնորեն շնորհավորել են ինը պետությունների ղեկավարներ՝ նախկին խորհրդային ութ հանրապետությունների և Նիկարագուայի առաջնորդները։
Հոկտեմբերի 7-ի ընթացքում Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլից հայտնել են, որ նրանք բոլորը շնորհավորել են Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ։
Հավելենք, որ Պուտինն ու Փաշինյանն միմյանց չեն շնորհավորել խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նախ հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացված ԱԺ ընտրություններում հաղթանակի համար Պուտինն ու ՌԴ պաշտոնյաները չեն շնորհավորել Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսսակցությանը , Հայաստանի իշխանություններն էլ չեն արձագանքել սեպտեմբերին ՌԴ-ում կայացած Ռումայի ընտրություններում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակին։
Պուտինի հետ զրույցներից մի քանիսը հաստատել են հենց առաջնորդների մամուլի ծառայությունները։ Օրինակ՝ Ալիևը զանգահարել է Պուտինին և նրան մաղթել առողջություն, երկար տարիների կյանք և «նոր հաջողություններ պետական գործունեության մեջ», իսկ Միրզիյոևը նրան մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ։
Դեռևս հոկտեմբերի 7-ից առաջ շնորհավորական ուղերձ էր հղել Չինաստանի նախագահ Սի Ցզինպ2ինը։ Պուտինին շնորհավորել է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նամակում նա Ռուսաստանի նախագահին անվանել է «ամենաթանկագին բարեկամ» և վերահաստատել Ռուսաստանի Դաշնությանն իր աջակցությունը։ Նիկարագուայի համանախագահներ Դանիել Օրտեգան և Ռոսարիո Մուրիլյոն համատեղ ուղերձը հղել էին դեռևս հոկտեմբերի 5-ին։ Ռուսաստանի ղեկավարին շնորհավորել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան։ Վենեսուելայի կառավարության և ժողովրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցը նշում է, որ ցանկը կարող է ընդլայնվել․ նախորդ տարիներին Պուտինին ուղղված որոշ շնորհավորանքների մասին հայտնի է դարձել նրա ծննդյան օրվանից հետո միայն։
Ինը երկիր պատերազմի սկզբից ի վեր ամեն տարի հրապարակայնորեն շնորհավորում է Պուտինին
2025 թվականին «Агенство» լրատվամիջոցը հաշվել էր, որ առնվազն 19 օտարերկրյա առաջնորդներ հրապարակայնորեն շնորհավորել են Պուտինին։ Սա առավելագույն ցուցանիշն է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Կրեմլն այն ժամանակ պնդում էր, որ շնորհավորանքների թիվը շուրջ 40 է եղել, սակայն չէր բացահայտել շնորհավորանք ուղարկողների մոտ կեսի անունները։ 2024 թվականին Պուտինին շնորհավորել էին 16 երկրների ղեկավարներ, 2023-ին՝ 11, իսկ 2022-ին՝ 14։
The Insider-ը համադրել է այդ ցուցակները 2026 թվականի հաստատված շնորհավորանքների հետ։ Բոլոր հինգ ցուցակներում առկա են նույն ինը պետությունները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Նիկարագուան։ Այն ինը երկրներից ութը, որոնց ղեկավարները լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ամեն տարի հրապարակայնորեն շնորհավորել են Պուտինին ծննդյան օրվա առթիվ, նախկին խորհրդային հանրապետություններ են։
Չինաստանը, չնայած Մոսկվայի և Պեկինի սերտ հարաբերություններին, այս ցուցակում ընդգրկված չէ․ 2023 թվականի հրապարակված շնորհավորանքների ցանկում Սի Ցզինպինի անունը չի եղել։ Կիմ Չեն Ընը նույնպես շնորհավորել է Պուտինին 2022, 2024, 2025 և 2026 թվականներին, սակայն 2023 թվականին հրապարակայնորեն հայտնի շնորհավորողների թվում չի եղել։ Ո՛չ Կրեմլը, ո՛չ չինական կողմն այն ժամանակ չէին հայտնել Սիի շնորհավորանքի մասին։ Էրդողանը նույնպես բացակայում էր 2023 թվականի ցուցակից։
Ովքեր այս տարի դեռևս հրապարակայնորեն չեն շնորհավորել Պուտինին
Անցյալ տարվա ցուցակում ընդգրկված էին նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը և այդ ժամանակ Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն։ Ռուսական EADaily-ն պնդում է, որ Մոդին շնորհավորել է Պուտինին, սակայն հրապարակման պահին Հնդկաստանի վարչապետի և կառավարության պաշտոնական աղբյուրներում նման հաղորդագրություն չկար։ Այդ պատճառով The Insider-ը Հնդկաստանը չի ներառել հաշվարկում։ Փոխարենը, այս տարվա հրապարակային ցուցակում հայտնվել է Իրանը․ նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պուտինին շնորհավորել է հեռախոսազրույցի ընթացքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

