Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Քաղաքականություն
09.10.2026 | 12:39
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է անվանել 2028 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու՝ Ադրբեջանի որոշումը և հույս հայտնել, որ Հայաստանն այդ դերը կստանձնի 2029 թվականին։
«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլ է Իլհամ Ալիևի որոշումը՝ 2028 թվականին առաջին անգամ ստանձնելու ԱՊՀ նախագահությունը։ Սա, անկասկած, պատմական պահ է։ Այդ մասին ասել է նաև ինքը՝ նախագահը։ Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես, սահմանված հերթականության համաձայն, 2029 թվականին որոշում կկայացնի ստանձնելու այդ պատվավոր գործառույթը»,- ասել է Լուկաշենկոն։
Ադրբեջանը և Հայաստանը երկար ժամանակ ձեռնպահ էին մնում ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելուց՝ տարիներ շարունակվող հակամարտության պատճառով։
Բելառուսի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի իր գործընկեր Շավքաթ Միրզիյոևին՝ 2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու՝ Ուզբեկստանի համաձայնության համար։
«Վստահ եմ, որ մեր ուզբեկ բարեկամները, ինչպես միշտ, պատվով կկատարեն այս առաքելությունը»,- ասել է նա։
Ավելի վաղ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը։
«Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը և նույն տարվա աշնանը կազմակերպել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը»,- ասել է Ալիևը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

