ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Քաղաքականություն
09.10.2026 | 14:24
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները Մայամիում կհանդիպեն ոչ միայն Կիևի պատվիրակության, այլև եվրոպական երեք երկրների ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Այս մասին Վաշինգտոնում լրագրողներին հայտնել են աղբյուրները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
AFP-ն և Reuters-ը հաղորդում են, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն «նոր գաղափարներ և առաջարկներ, որոնց մշակումն ամերիկացի բանակցողները սկսել են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում»։ Խոսքը սեպտեմբերին Ուիթկոֆի և Քուշների՝ Մոսկվա ու Կիև կատարած այցերի մասին է։ Այդ այցերից հետո որևէ նոր առաջարկի մասին չի հաղորդվել։ Ընդհանուր առմամբ, վերջին շաբաթներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման նպատակով խորհրդակցությունները վերսկսելու հեռանկարների վերաբերյալ գնահատականները բացասական են եղել։

