Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.10.2026 | 14:21Հայաստանի սահմանն ապօրինի հատած և Սյունիքի Շաքի բնակավայրում 39-ամյա կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին հայ գերիների հետ հնարավոր փոխանակման հարցը կարող է քննարկվել միայն նրա նկատմամբ դատավճռից և պատիժը կրելուց հետո։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս պահին նման քննարկումներ չկան, քանի որ Մուսաևի նկատմամբ քրեական վարույթ է իրականացվում։
«Այս պահին քրեական վարույթ կա նախաձեռնված, պետք է իրավական գնահատական տրվի սահմանը խախտած ադրբեջանցու գործողություններին, որից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան։ Դատարանում, ամենայն հավանականությամբ, կդատապարտվի և կսկսի կրել պատիժը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։ Այո՛, չեմ բացառում, որովհետև պրակտիկան ցույց է տվել, որ նման դեպքեր շատ են եղել, որ հնարավոր է՝ գերեվարության մեջ գտնվող կամ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների Հայաստան տեղափոխվելու դիմաց նաև հանձնվի ադրբեջանցի էդ զինծառայողը»,- ասաց պատգամավորը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Մուսաևի հնարավոր փոխանակման վերաբերյալ այս պահին որևէ գործընթաց չկա։
«Դրա մասին խոսելը շատ վաղ է, նման պրոցես չկա, այժմ պրոցեսները ընթանում են քրեադատավարական տիրույթում ընդամենը»,- ասաց Խաչատրյանը։
Իշխանական պատգամավորը Շաքիի դեպքը համեմատեց նաև նախկինում տեղի ունեցած ապօրինի սահմանահատումների և մաքսանենգության դեպքերի հետ՝ նշելով, որ նման միջադեպեր տարբեր ուղղություններով եղել են։
«Այստեղ որևէ խնդիր չկա, սովորական հանցագործություն է»,- հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս թեման չափազանց մեծ տեղ է զբաղեցնում հանրային և քաղաքական օրակարգում։
«Ուրիշ բովանդակային կարևոր հարց չկա՞ այս երկրում, որ ընկել ենք էս հարցի հետևից, բնական հունով գնում ա»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը փոխանակվի Բաքվում պահվող հայ գերիների հետ, ասել էր․ «Պատկերացրեք՝ հիմա մենք իրենց ասենք՝ գերի տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

