COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Հասարակություն
09.10.2026 | 11:05
Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովից՝ COP17-ից առաջ, կառավարությունը մի շարք որոշումներով սահմանել է Ազգային ժողովում համաժողովի անցկացմանն առնչվող համաձայնագիրը ներկայացնող պաշտոնյային։
Վարչապետի որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս։
COP17-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։
Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։
Համաժողովը տեղի կունենա Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման վճռորոշ փուլում։ Շրջանակի՝ 2022 թվականին ընդունվելուց ի վեր երկրներն առաջին անգամ համատեղ կգնահատեն դրա 23 թիրախների ուղղությամբ գրանցված առաջընթացը՝ հանձնառության փոխարեն կենտրոնանալով փաստացի արդյունքների վրա, ինչպես նաև գնահատելով, թե ձեռք բերված պայմանավորվածություններից որոնք են կյանքի կոչվել։
COP17-ը Հայաստանին հնարավորություն է տալիս ամրապնդել համագործակցությունը և արագացնել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության գլոբալ նպատակներին հասնելու համար։
Անի Թամրազյան

