Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանական իշխանամերձ APA լրատվական գործակալությունը Թուրքիայի դեմ կոշտ շեշտադրումներով հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց հեռացրել է հոդվածը։ Turkish Minute-ը գրում է, թե դրանում նշվում էր, որ սեպտեմբերին Թուրքիայի հետ կապ ունեցող վեց բեռնատար նավ 11 անգամ այցելել է իսրայելական նավահանգիստներ՝ չնայած Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակման պատճառով Թուրքիայի կողմից սահմանված առևտրային արգելքին։

Երեքշաբթի կեսօրին կայքի անգլերեն, ադրբեջանական և ռուսերեն տարբերակները դիտելիս ընթերցողները վերաուղղորդվում էին դեպի APA-ի գլխավոր էջեր՝ առանց որևէ ուղղման կամ հեռացման մասին ծանուցման։ Հեռացման պատճառը հայտնի չէ։

Նյութի տեքստը պահպանվել է ադրբեջանական լրատվական ագրեգատոր Icma.az-ում արխիվացված պատճենում, որը վերագրվում է APA-ին։ Գործակալության հեռուստատեսային ծառայությունը՝ APA TV-ն, պարզել է, որ սեպտեմբերի 17-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Պանամայի և Լիբերիայի դրոշների ներքո նավարկող վեց նավ ութ անգամ այցելել է Աշդոդի և երեք անգամ՝ Հայֆայի նավահանգիստներ։ Երկու նավահանգիստներն էլ գտնվում են Իսրայելի միջերկրածովյան ափին։ Այդ նավերն են Medkon LTF-ը, Medkon Çanakkale-ն, Medkon Mersin-ը, Admiral Mars-ը, Admiral Star-ը և Anita A-ն։ Նավագնացության տվյալների բազաները ցույց են տալիս, որ Medkon շարքի նավերը կապված են թուրքական օպերատորների և կառավարիչների հետ, իսկ երկու Admiral նավերը՝ թուրքական առևտրային կառավարման հետ։

Medkon LTF նավը սեպտեմբերի 27-ին դուրս է եկել Ստամբուլի Ամբարլը նավահանգստից և սեպտեմբերի 30-ին շարժվել է դեպի Աշդոդ, մինչդեռ Medkon Mersin նավը սեպտեմբերի 28-30-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է Հայֆայի և Աշդոդի ուղղությամբ շարժվելիս։

Հետաքննության ընթացքում օգտագործվել են Նավերի ավտոմատ նույնականացման համակարգի (AIS) տվյալները, որը փոխանցում է նավերի նույնականացման և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև նավագնացության տվյալների բազաներ։ Սակայն այդ տվյալները չեն պարունակում տեղեկություններ բեռի, դրա սեփականատերերի կամ գնորդների մասին և, հետևաբար, ինքնին չեն ապացուցում, որ վաճառքներ են իրականացվել իսրայելական ընկերություններին, նշել է APA TV-ն։

Թուրքիան Իսրայելի հետ ուղղակի առևտուրը դադարեցրել է 2024 թվականի մայիսի 2-ին, իսկ 2025 թվականի օգոստոսին արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ թուրքական դրոշով նավերին արգելվում է մուտք գործել իսրայելական նավահանգիստներ, իսկ իսրայելական նավերին՝ թուրքական նավահանգիստներ։

Նավի գրանցման երկիրը կարող է տարբերվել այն երկրից, որտեղ հիմնված են դրա սեփականատերը, օպերատորը կամ առևտրային կառավարիչը։ Այդ պատճառով նավերը կարող են ունենալ թուրքական բիզնես կապեր՝ միաժամանակ նավարկելով այլ երկրների դրոշների ներքո։

Թուրքիայի կառավարությունը մարտի 30-ի հայտարարության մեջ պնդել էր, որ 2024 թվականի մայիսի 2-ից Իսրայելի հետ առևտուրը գտնվում է «զրոյական» մակարդակի վրա։ Միաժամանակ կառավարությունը ընդունել էր, որ պաղեստինցի գնորդների համար նախատեսված բեռներն անցնում են իսրայելական նավահանգիստներով՝ այնպիսի մեխանիզմի շրջանակում, որը պահանջում է պաղեստինյան կողմի հաստատումը, ինչպես նաև ներմուծողի և վերջնական նշանակման վայրի ստուգումը։

Հեռացված հոդվածում անդրադարձ է եղել նաև 2025 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել իրականացված 456 նավարկությանը։ Այս տվյալը հրապարակել էր թուրքական BirGün օրաթերթը։

Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի 2025 թվականի հոկտեմբերի զեկույցում Թուրքիան մեղադրվում էր Իսրայելի կողմից Ղազայում ցեղասպանությանը նպաստելու մեջ։«Գազայի ցեղասպանությունը․ հավաքական հանցագործություն» խորագրով զեկույցում նշվում էր, որ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին իսրայելական ծագում ունեցող թուրքական ապրանքների ներմուծումը նվազել է 64 տոկոսով։ Միևնույն ժամանակ, զեկույցում հղում էր արվում շարունակվող անուղղակի առևտրի մասին տեղեկություններին և նշվում էր, որ թուրքական նավահանգիստները այն ենթակառուցվածքների թվում են, որոնք նպաստում են Իսրայել առաքումների իրականացմանը։

Անկարայում գործող շինարարական տեխնիկա արտադրող Hidromek ընկերության արտադրած մեքենաների օգտագործումը օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափում՝ պաղեստինյան տարածքում, իրականացվող քանդումների ժամանակ նույնպես ուսումնասիրվել է երեքշաբթի ադրբեջանական Lent.az լրատվական կայքի հրապարակած առանձին զեկույցում։ Այն հիմնված էր փաստերի ստուգմամբ զբաղվող Faktyoxla կայքի տվյալների վրա։

Հոդվածում հղում էր արվում օգոստոսի 2-ին պաղեստինյան Նաբլուս քաղաքից արևելք գտնվող Սալեմում արված լուսանկարին, որի հեղինակը Associated Press-ի ֆոտոլրագրող Մաջդի Մոհամմեդն էր։ Նյութը հիմնված էր նաև Թուրքիայի Teyit փաստերի ստուգման կազմակերպության ուսումնասիրության վրա։Իսրայելում Hidromek-ի արտադրանքը շուկա է հանում Emcol դիստրիբյուտորը։ Վերջինիս՝ հուլիսին տարածած հայտարարությունը, որ ընկերությունը համալրել է իր պահեստները, փաստագրվել է Teyit-ի՝ օգոստոսի 5-ի վերլուծության մեջ։ Սակայն ուսումնասիրության ընթացքում չի պարզվել՝ արդյոք տեխնիկան մատակարարվել է մինչև առևտրային արգելքի սահմանումը կուտակված պահեստային պաշարներից, թե երրորդ երկրների միջոցով իրականացված մատակարարումների արդյունքում։

Hidromek-ի արտադրած մեքենաների օգտագործումը Հորդանան գետի արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների տների, ջրի բաքերի և դպրոցական շինությունների քանդման աշխատանքներում նախկինում ևս փաստագրվել էր։ Այս մասին հայտնել էր Who Profits հետազոտական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է բիզնեսի ներգրավվածությունը Իսրայելի կողմից իրականացվող օկուպացիայի մեջ։

Այս հրապարակումները հայտնվել են ադրբեջանական լրատվամիջոցներում Թուրքիայի կողմից Ադրբեջանի՝ Իսրայելի հետ կապերի քննադատության նկատմամբ դժգոհության ֆոնին։ Հատկապես մեծ արձագանք էր ստացել այն փաստը, որ սեպտեմբերի 24-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ ադրբեջանցի դիվանագետը մնացել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում։

Թուրք ներկայացուցիչները միացել էին Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության դեմ բողոքի ակցիայի շրջանակում կազմակերպված դահլիճից դուրս գալուն, մինչդեռ Ադրբեջանը այն երկրների թվում էր, որոնց ներկայացուցիչները մնացել էին դահլիճում։

APA-ն այդ քննադատությունը ներկայացրել էր որպես վարկաբեկման արշավ և Անկարային մեղադրել դրա դեմ հանդես չգալու համար, մինչդեռ Lent.az-ի հոդվածում Թուրքիայում Ադրբեջանի քննադատներին մեղադրում էին երկակի չափանիշներ կիրառելու մեջ՝ Իսրայելի հետ Ադրբեջանի կապերը քննադատելու, սակայն թուրքական բիզնեսների մասնակցությամբ տնտեսական կապերը անտեսելու համար։

Բացի այդ, թուրքական տիրույթում մեծ դժգոհություններ ու քննադատություններ են առաջացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որ  Բաքվին ոչ մեկի օգնությունը պետք չէ և այն ամենը, ինչ ստացել են, ձեռք են բերել իրենց փողով, ամբողջ զենքը գնել են փողով, ընդ որում՝ համաշխարհային գներով՝ մինչև վերջին փամփուշտը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի