Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
Քաղաքականություն
07.10.2026 | 11:42
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական համաձայնություններից բացի, պահանջում է վստահության ամրապնդում, հակամարտության մարդասիրական հետևանքների վերացում, և անհետ կորած անձանց ճակատագրի որոշումն այս գործընթացի անբաժանելի մասն է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ անհետ կորած անձանց հարցերով Բաքվի երկխոսության շրջանակում անցկացվող IV միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, որի տեքստն ընթերցել է Պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը։
Ալիևի ուղերձում Հայաստանի հասցեին հերթական մեղադրանքներն են եղել։
«Մինչ օրս մեր ազատագրված տարածքներում (նկատի ունի Արցախը – խմբ․) հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզման։ Մարդկային մնացորդների վերաբերյալ անցկացված փորձաքննությունը ցույց է տալիս, որ սպանված ադրբեջանցիները ենթարկվել են կտտանքների։ Գերիներին և պատանդներին միջազգային կազմակերպություններից թաքցնելը, նրանց կտտանքների միջոցով սպանելը և հանցագործությունների հետքերը թաքցնելը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են։ Այս գործողությունները պետք է ստանան իրավական գնահատական»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Անհետ կորած անձանց որոնման արդյունավետությունն ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվության ստացումից, հավելել է նա։
«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ստեղծի պայմաններ համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար։ Սա, բացի իրավական պարտավորությունից և մարդասիրական պատասխանատվությունից, կլինի խաղաղության նկատմամբ նվիրվածության գործնական արտահայտություն և ներդրում փոխադարձ վստահության ամրապնդման գործում։ Մարդկային ճակատագրերի հետ կապված տեղեկատվությունը չպետք է ենթարկվի քաղաքական պայմանավորման»,- նշել է Ալիևը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

