ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Միացյալ Արաբական Էմիրությունների դատախազությունը Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի դեպքի քննության ընթացքում պարզել է, որ երկրորդ օդաչուն արտակարգ իրավիճակների համար նախատեսված կացնով հարձակվել է օդանավի հրամանատարի վրա։ Ինչպես շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, հայտնել է ԱՄԷ-ի գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ-Շամսին, հարձակվողը փորձել է ահաբեկչություն իրականացնել։

Գլխավոր դատախազի խոսքով՝ երկրորդ օդաչուն օդաչուների խցիկում հարձակվել է հրամանատարի վրա և փորձել ստանձնել ինքնաթիռի կառավարումը։ Քննությունը շարունակվում է։ Դրա շրջանակում պետք է պարզվեն միջադեպի հանգամանքները, հարձակվողի շարժառիթներն ու հնարավոր կապերը։

Ամերիկյան ABC News հեռուստաալիքի տեղեկություններով՝ երկրորդ օդաչուն, որը սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FZ1073 չվերթում էր, նախկինում անվտանգության նկատառումներով հեռացվել էր Օմանի Oman Air ավիաընկերությունից։

ABC News-ը, վկայակոչելով հետախուզության և իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներին, հայտնում է, որ 2024 թվականին Oman Air-ում երկրորդ օդաչուի կարգավիճակով պրակտիկայի ընթացքում նրա մոտ հայտնաբերվել էին ծայրահեղական բնույթի նյութեր։

Հեռուստաալիքը նաև նշել է կասկածյալի անունը։ Քննությանը ծանոթ աղբյուրների տվյալներով՝ նա 29-ամյա Օմանի քաղաքացի Համամ Ալ-Համամին է։ Թռիչքներից հեռացվելուց հետո նրան թույլատրվել էր շարունակել աշխատել Oman Air-ում՝ վարչական պաշտոնում։

Flydubai ավիաընկերության՝ սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող մարդատար ինքնաթիռը առևանգման փորձի մասին ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքի օդանավակայանում։

Պատճառը օդաչուների խցիկում տեղի ունեցած ծեծկռտուքն էր, որի ընթացքում ինքնաթիռը ընդամենը 29 վայրկյանում կտրուկ կորցրել է բարձրությունը՝ 9410 մետրից իջնելով 5105 մետր։

Boeing 737 MAX 8 ինքնաթիռում եղել է 174 մարդ, այդ թվում՝ 27 երեխա։ Նրանց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ էին։

Որոշ ուղևորների խոսքով՝ սկզբում օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, այնուհետև խցիկի դուռը բացվել է, և նրանք տեսել են, որ օդաչուներից մեկը վիրավոր է, իսկ նրա հագուստը՝ արյունոտ։ Նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ուղևորներից մեկը բժիշկ է եղել։ Անձնակազմի անդամներին և ուղևորներին հաջողվել է նաև վնասազերծել հարձակվողին։

Չվերթի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչչհարն էր, որը վնասվածքներով հոսպիտալացվել է Սաուդյան Արաբիայում։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեսազանգի ժամանակ նա պատմել է, որ իր վրա հարձակումից հետո հասկացել է՝ ինքնաթիռն արագ կորցնում է բարձրությունը, և ժամանակ գրեթե չի մնացել։

«Ես վիրավոր պառկած էի հատակին, բայց ինքս ինձ ասացի, որ պետք է վերջին ջանք գործադրեմ և ներսից բացեմ դուռը։ Սկսեցի սողալ։ Դուռը շատ մոտ էր։ Կարողացա բացել այն, և մյուս մարդիկ ներս մտան»,- նրա խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։

Մոդին օդաչուի գործողությունները որակել է որպես խիզախության, տոկունության և արագ որոշումներ կայացնելու ունակության դրսևորում, որոնք, նրա խոսքով, փրկել են բազմաթիվ մարդկանց կյանքեր։