Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Քաղաքականություն
02.10.2026 | 22:27
The New York Times-ի (NYT) տեղեկություններով՝ Կիևը ձեռք է բերել ռուսական իշխանությունների ծրագրերը՝ առաջիկա ձմռանն Ուկրաինայի խոշոր քաղաքներն էլեկտրաէներգիայից, ջեռուցումից և ջրամատակարարումից զրկելու վերաբերյալ։
Առաջիկա ամիսներին Ռուսաստանը նախատեսում է համակարգված հարձակումների միջոցով ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ համակարգը՝ կիրառելով մինչև 1000 հրթիռ, անօդաչու թռչող սարքեր և ռումբեր։ Դրանց միջոցով Մոսկվան ցանկանում է շարքից հանել օբյեկտների լայն շրջանակ, այդ թվում՝ էլեկտրական ենթակայանները, հիդրոէլեկտրակայանները, ջերմաէլեկտրակայաններն ու կաթսայատները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
NYT-ը հղում է անում իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթի պատճենին, որը երկու շաբաթ առաջ Փարիզում Կիևի գործընկերներին ներկայացրել է Ուկրաինայի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը։ Նա օգոստոսով թվագրվող այս փաստաթուղթը ներկայացրել է որպես Ուկրաինայի էներգետիկ համակարգը մեթոդական հարձակումների միջոցով ոչնչացնելու ռուսական ծրագիր։ Դրանց վերջնական նպատակն է, ըստ ուկրաինական կողմի, Կիևին, Խարկովին և Օդեսային զրկելն է էլեկտրաէներգիայի և ջեռուցման համակարգի մինչև 90 տոկոսից, ինչպես նաև լրջորեն խաթարել կոյուղու համակարգի աշխատանքը։
Փաստաթղթում նկարագրված են ռուսական հարձակումների երեք փուլեր։ Առաջին փուլում նախատեսվում է շարքից հանել Ուկրաինայի արևմտյան սահմանների մոտ գտնվող ենթակայանները, որոնց միջոցով երկիրն էլեկտրաէներգիա է ներմուծում Եվրոպայից։
Երկրորդ փուլում, ըստ հրապարակման, նախատեսվում է շարքից հանել հիդրոէլեկտրակայանները, այնուհետև կանգնեցնել Ուկրաինայի գործող երեք ատոմակայանները, որոնք կազմում են երկրի էներգետիկ համակարգի հիմքը։ NYT-ը ծրագրի վերջին մասն անվանում է առավել մտահոգիչ, քանի որ այն ներառում է հրթիռային հարվածներ այն ենթակայաններին, որոնց միջոցով ատոմակայանները միացված են էլեկտրացանցին, և որոնք գտնվում են ռեակտորներից 1,5 կիլոմետրից պակաս հեռավորության վրա։
Փաստաթղթում նշվում է, որ այդպիսով Ռուսաստանը մտադիր է շարքից հանել գրեթե 15 գիգավատտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող կայաններ։ NYT-ը հավելում է, որ հենց այդքան էներգետիկ հզորություն ուներ Ուկրաինան ամռան վերջին։
Ըստ լրատվամիջոցի՝ ռուսական ուժերն արդեն սկսել են իրականացնել այդ ծրագիրը՝ սեպտեմբերի 30-ին հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելով Կիևի խոշոր ջերմաէլեկտրակայանին և էներգետիկ այլ օբյեկտներին։ Դրա հետևանքով մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջրի։ Բացի այդ, ռուսական ծրագիրն առաջին անգամ նախատեսում է լայնածավալ հարվածներ Ուկրաինայի ջրամատակարարման համակարգին, այդ թվում՝ պոմպակայաններին և մաքրման կայաններին, նշվում է հոդվածում։
The New York Times-ը պարզաբանում է, որ չունի այս նկարագրված փաստաթղթի իսկությունը անկախ կերպով հաստատող տվյալներ։ Միևնույն ժամանակ, պարբերականը հիշեցնում է, որ հարևան երկրի դեմ պատերազմ սկսած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել էր ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացմանն ուղղված լայնածավալ գործողություն իրականացնելու մասին՝ որպես պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

