Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
Հասարակություն
02.10.2026 | 11:25
Հանրային հեռուստաընկերությունում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ին, համերգ հեռարձակելու համար։ Այս մասին հետևում է Հանրային հեռուստատեսությունից Factor TV-ին փոխանցված գրավոր հարցման պատասխանից։
«Տվյալ դեպքում Հանրայինը պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց»,- նշել են սեպտեմբերի 27-ին ուղարկված հարցմանն ի պատասխան։ Ուշագրավ է, որ Հանրային ՀԸ-ն մեր հարցման պատասխանը փոխանցեց երեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետից հետո, որ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Բա էդ օրը ինչի՞ են «Դար 21», էլի ուրիշ ալիքներ, որոնք պատկանում են զանազան օլիգարխների, ինչի՞ են համերգներ հեռարձակել: «Դար 21»-ի ամբողջ աշխատակազմը երբ որ աշխատանքից կազատվի, Հանրային հեռուստատեսության հեռարձակողի խորհուրդն էլ, իր հերթին, կմտածի՝ ինչ միջոց ձեռնարկի»,- երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին, երբ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները, բազմաթիվ քաղաքացիներ այցելում էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար զոհվածների հիշատակին, Առաջին ալիքը Թաթայի մասնակցությամբ համերգ էր հեռարձակում, որը մի քանի ժամ անց կրկնեց 2-րդ անգամ։ Պետական բյուջեից 6 մլրդ դրամից ավելի ֆինանսավորում ստացող ընկերությունը միայն հաջորդ օրը ներողություն խնդրեց։ Ովքե՞ր և ինչպե՞ս են կազմել սեպտեմբերի 27-ի եթերացանկը. Հանրային ՀԸ-ն մեր հարցման պատասխանում անուններ չի նշել։
Միաժամանակ, կառույցից փոխանցել են, որ հեռուստաընկերության եթերացանցի ձևավորումը և վերջնական հաստատումն իրականացվում է համապատասխան ծրագրային պատասխանատուների կողմից՝ սահմանված ներքին աշխատանքային ընթացակարգերի շրջանակում։
Այնուհանդերձ, Հանրային ՀԸ-ն նշում է, որ պատշաճ կերպով չի իրականացվել սեպտեմբերի 27-ի եթերացանցի ձևավորումը։
«Սեպտեմբերի 27-ի՝ որպես 2020 թվականի պատերազմի մեկնարկի տարելիցի օրվա առանձնահատուկ նշանակությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեր եթերացանցի ձևավորման և վերջնական բովանդակային պլանավորման փուլում։ Տվյալ դեպքում դա բավարար կերպով չի արվել, ինչի հետևանքով եթեր է հեռարձակվել տվյալ օրվա համատեքստին անհամապատասխան ժամանցային համերգային ծրագիր»,- նշված է պատասխանում։ Ուշագրավ է նաև այն, որ Հանրային ՀԸ-ի այս պատասխանը որևէ պաշտոնյայի կողմից ստորագրված չէ, պատասխանի վերջում նշված է Հանրային հեռուստաընկերություն։
Նշենք, որ Հանրային ՀԸ գործադիր տնօրենը Հովհաննես Մովսիսյանն է, ծրագրերի տնօրենը Լևոն Մարգարյանը, աշխատակազմի ղեկավարը՝ Լենա Մինասյանը։
Նարեկ Կիրակոսյան

