Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
Քաղաքականություն
01.10.2026 | 21:13
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը և ամերիկյան SpaceXAI ընկերությունը, որը պատկանում է Իլոն Մասկին, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության վրա հիմնված լուծումների և դրանց առնչվող թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է SpaceXAI ընկերության Grok մոդելների հիման վրա մշակված արհեստական բանականության լուծումների կիրառման հնարավորությունները պետական ծառայություններում և Ադրբեջանի թվային փոխակերպման այլ առաջնահերթ ուղղություններում։ Հիմնական նպատակն է ստեղծել ավելի որակյալ, ավելի մատչելի և արդյունավետ հանրային ծառայություններ։
Հուշագիրը չի սահմանափակվելու կիրառման միայն մեկ ոլորտով և կընդգրկի պետական բոլոր կառույցները։ Կողմերը համատեղ կգնահատեն արհեստական բանականության կիրառման հնարավորությունները և կքննարկեն հաջողված լուծումները պետական հատվածում լայնորեն ներդնելու հարցը։
Կողմերը նաև պայմանավորվել են համագործակցել տեղական ներուժի ամրապնդման, գիտելիքների և փորձի փոխանակման, ինչպես նաև համապատասխան հմտությունների զարգացման ուղղությամբ։
Բացի այդ, համագործակցության հաջորդ փուլերի համար կմշակվի ճանապարհային քարտեզ, որը կներառի փորձնական նախագծեր, տեխնիկական ցուցադրություններ և շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն։ Սա հիմք կստեղծի հաջողված լուծումների հետագա՝ ավելի լայնածավալ կիրառման համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

