Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Քաղաքականություն
01.10.2026 | 15:25
Շվեդիայի միգրացիայի նախարար Յուհան Ֆորսելը Եվրամիությանը կոչ է անում հնարավորինս արագ ընդունել ռուս զբոսաշրջիկներին Շենգենյան վիզաների տրամադրումը սահմանափակող օրենսդրություն։
«Լիովին անընդունելի է, որ այնքան շատ ռուս զբոսաշրջիկներ վայելում են շքեղ շոփինգ-հանգստյան օրերը Եվրոպայի մայրաքաղաքներում, մինչ մեր ուկրաինացի բարեկամները մահանում են ապաստարաններում»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց նախարարը։

Արդարադատության և ներքին գործերի նախարարական խորհրդի նիստից առաջ Յուհան Ֆորսելը հայտարարեց, որ Շվեդիան մտադիր է պահանջել գործընթացի արագացում, քանի որ պատերազմի 5-րդ տարում ռուսներին տրվող վիզաների քանակն ավելացել է, երբ պետք է հակառակը լիներ։ Նրա տվյալներով՝ ՌԴ քաղաքացիներին տրված 500 000 գործող զբոսաշրջային վիզա կա։
«Շվեդիայի կառավարության անունից էական է ընդգծել, որ կարևոր է ունենալ այս նոր օրենսդրությունը որքան հնարավոր է շուտ, որովհետև պատերազմը շարունակվում է, և մենք տեսնում ենք, որ ազգային անվտանգությանն առնչվող այս միջադեպերը ավելանում են, այլ ոչ թե նվազում։ Այնպես որ, մենք պետք է լիովին վստահ լինենք, թե ում է իրականում թույլատրվում մուտք գործել Եվրոպական Միություն, հատկապես Ռուսաստանի քաղաքացիների մասով»,- շեշտեց նախարարը։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Շվեդիան, մերձբալթյան երկրների նման, ազգային մակարդակով չի կանգնեցնում ՌԴ քաղաքացիների մուտքը, նախարարը նշեց․ «Ռուսները գալիս են ոչ թե Շվեդիա, այլ եվրոպական այլ երկրներ։ Բայց եթե դուք զբոսաշրջային վիզա եք ստանում ԵՄ մեկ երկրի համար, կարող եք այն օգտագործել մեկ այլ երկիր, օրինակ՝ Շվեդիա հասնելու համար։ Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ այս նոր օրենսդրությունն ընդունվի համաեվրոպական մակարդակով»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միգրացիան օգտագործում է որպես զենք հարևան երկրների դեմ, օրինակ՝ Ֆինլանդիայի և Մերձբալթյան երկրների, հետևաբար Ստոկհոլմը պահանջում է գործընթացի արագացում։
«Մենք պետք է լիովին վստահ լինենք, թե ում է թույլատրվում մուտք գործել Եվրոպական Միություն»,- ասաց Շվեդիայի միգրացիայի նախարարը։
«Վերադարձի հանգույցի» մասով առաջընթաց չկա
ԵՄ Արդարադատության և ներքին գործերի նախարարների այսօրվա քննարկման օրակարգում հիմնականում միգրացիոն ու ներքին անվտանգության հարցերն են։
«Մենք պաշտոնապես կընդունենք «Վերադարձի կանոնակարգը», ինչը շատ նշանակալի ձեռքբերում է Եվրոպական միության համար»,- հայտնեց Իռլանդիայի արդարադատության, ներքին գործերի և միգրացիայի նախարար Ջիմ Օ’Քալագանը։

Եվրոպական միությունը նոր կանոնակարգով մտադիր է արագացնել անօրինական կարգավիճակով ԵՄ-ում գտնվող երրորդ երկրների քաղաքացիների վերադարձը, ընդլայնել անդամ պետությունների միջև վերադարձի որոշումների փոխադարձ ճանաչումը և երրորդ երկրների հետ համագործակցության նոր գործիքներ ներդնել։
Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի ընդունած կանոնակարգը փոխարինելու է 2008 թվականի «Վերադարձի դիրեկտիվին» և ստեղծելու է վերադարձի միասնական համակարգ։ Այսինքն՝ վերադարձի որոշման հիմնական տվյալները պետք է մուտքագրվեն Շենգենյան տեղեկատվական համակարգում ու հասանելի լինեն անդամ երկրներին։
ԵՄ նոր կանոնակարգը հիմք է ստեղծում երրորդ երկրներում «վերադարձի հանգույցների» (return hubs) ստեղծման համար։ Այն թույլ է տալիս վերադարձի ենթակա անձին ուղարկել ոչ միայն իր ծագման երկիր, այլև երրորդ երկիր, եթե դրա համար կա համապատասխան իրավական հիմք։
Կանոնակարգը որևէ կոնկրետ երկիր չի նշում որպես հնարավոր «վերադարձի հանգույցի» տեղակայման վայր, չի սահմանում գործող կամ նախատեսվող կենտրոնների ցանկ և չի հստակեցնում դրանց ֆինանսավորման աղբյուրները։ Այդ հարցերը թողնված են անդամ պետությունների ու երրորդ երկրների միջև ապագա երկկողմ համաձայնագրերին։
«Գիտեմ, որ ներկայում երկրների միջև որոշ քննարկումներ են ընթանում, սակայն մինչ այժմ որևէ էական առաջընթաց չի գրանցվել՝ հատկապես կոնկրետ վայրեր որոշելու առումով»,- ասաց Ջիմ Օ’Քալագանը։
Կարինե Ասատրյան
Բրյուսել

