Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.10.2026 | 13:33Տնտեսական ակտիվությունը, շինարարության ծավալներն ու անշարժ գույքի շուկայի աճը վկայում են այն մասին, որ Հայաստանի քաղաքացիները խորապես հավատում են խաղաղությանը՝ ի հեճուկս լրահոսում տիրող տագնապային ու խուճապային տրամադրությունների։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա, օրինակ, որ բացենք լրահոսը և սկսենք կարդալ, ասում ես՝ ինչ-որ տենց խուճապ է։ Ոչ միայն ռեժիմն է խուճապի մեջ, այլև ռեժիմին հարակից, հակառակ՝ բոլորն անընդհատ և ամեն օր խուճապի մեջ են։ Բայց խնդիրն այն է, որ տնտեսական այս ցուցանիշները մի բանի մասին են վկայում՝ մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այս իրավիճակից բխում է հստակ քաղաքական հետևություն. կառավարությունը պարտավոր է քաղաքացիների սպասումները հասցնել տրամաբանական ավարտին․ «Այս փուլում խաղաղություն կա, խաղաղությունն առկա է, իրականություն է, բայց խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ։ Կառավարության մեծագույն խնդիրն է մարդկանց սպասումը տանել մինչև վերջ և տեղ հասցնել»։
Փաշինյանն ընդգծեց, որ ենթակառուցվածքային բոլոր ծրագրերին, սահմանազատման գործընթացին, «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցմանը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը զուգահեռ՝ թիվ մեկ հիմնարար քայլը մնում է խաղաղության պայմանագրի կնքումը։
«Մենք պետք է շատ հստակ ձևակերպենք մեր խնդիրը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Մենք այդ սպասումն առաջացրել ենք, մարդիկ արձագանքել են, հավատացել են դրան։ Հիմա քաղաքացիները պետք է տեսնեն, որ մենք իրենց սպասումը որպես քաղաքական կապիտալ վերցնում ենք և հասցնում մինչև վերջ՝ այնքան, մինչև այդ թեման ընդհանրապես, որպես այդպիսին, դուրս գա օրակարգից։ Եվ սա պետք է լինի մեր գլխավոր ռազմավարական առաջնահերթությունը»,- ասաց գործադիրի ղեկավարը։

