Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
Քաղաքականություն
01.10.2026 | 12:00
Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային 107 ԱԹս-ներով, որոնցից 87-ը խոցվել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, գրում է Current time-ը։
Օդեսայում բիզնես կենտրոնին հարվածի հետևանքով մեկ մարդ տուժել է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ վնասվել են բիզնես կենտրոնի երկու շենքերի տանիքներն ու ճակատային հատվածները։ Պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են ապակեպատ հատվածները, հինգերորդ հարկի պատերը մասամբ փլուզվել են, հրդեհ է բռնկվել։
Եվս մեկ մարդ տուժել է Կիևի Օբոլոնսկի շրջանում գտնվող պահեստային շենքի վրա հարձակման հետևանքով։ Սոլոմենսկի շրջանում հրդեհ է բռնկվել 16 հարկանի շենքի առաջին հարկի տարածքում և հարակից կայանված ավտոմեքենաներում։ Հրդեհը տարածվել է 80 քառակուսի մետր մակերեսով և մարվել է։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ առաջին հարկում սրճարան է եղել։
Իզյումում ռուսական հարձակման հետևանքով վնասվել է ավելի քան 20 տուն, մարդատար ավտոմեքենա և չգործող ձեռնարկության շենքեր։ Մեկ մարդ տուժել է։ Քաղաքային ռազմական վարչակազմի հաղորդմամբ՝ հարվածը հասցվել է կառավարվող ավիառումբերով։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ ռուսական ուժերը Կիևում հարվածել են «Рента Логистик» տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնին, որի պահեստային շենքում, նրանց պնդմամբ, եղել է անօդաչու նավակների արտադրամաս։ Օդեսայում, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, խոցվել է HOSTING-UA տվյալների կենտրոնը, իսկ Չեռնոմորսկի նավահանգստում՝ Ուկրաինայի զինված ուժերի համար բեռ տեղափոխող բեռնանավը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

