«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Քաղաքականություն
01.10.2026 | 11:08
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ընտրություն կատարի Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու և բանակցային համաձայնության հասնելու միջև։ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում վարվել իրանցի պաշտոնյաների հետ, որոնց նա բազմիցս «խելագար» է անվանել, նախագահ Թրամփն ասել է. «Գուցե պայթեցնեք նրանց», գրում է CBS News-ը։
«Մենք պետք է որոշում կայացնենք։ Կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք կնքում։ Բայց պահը մոտենում է։ Այս ամենը շատ շուտով կավարտվի՝ այս կամ այն կերպ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Իրանի հարցում Թրամփի ծրագրերը դեռևս անհայտ են։ Վերջին շաբաթների ընթացքում նա բազմիցս հայտարարել է, որ դիտարկում է կա՛մ հակամարտությունը սրելու, կա՛մ Իրանի հետ գործարք կնքելու տարբերակները։
Թրամփի հայտարարությունները հնչել են այն ժամանակ, երբ Իրանը հաստատել է, որ ստացել է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանը Թեհրանի վերջին առաջարկին, որն ուղղված է պատերազմը դադարեցնելուն։
Իրանի պաշտոնյաների փոխանցմամբ՝ երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կառավարության նիստի ընթացքում ամերիկյան պատասխանը ներկայացրել է նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Թեհրանը չի հրապարակել Վաշինգտոնի պատասխանի մանրամասները և չի հայտնել՝ արդյո՞ք ԱՄՆ-ը մերժում է Իրանի առաջարկը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

