ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Թենեսի նահանգից բանտարկյալ Քրիստա Փայքը ողջ է մնացել մահապատժի ժամանակ ստացած երկու մահացու ներարկումներից հետո և տեղափոխվել հիվանդանոց։ Իշխանությունները փորձում էին ի կատար ածել մահապատժի դատավճիռը՝ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման հիման վրա։ Մահապատժի իրականացումից առաջ գործընթացը շուրջ մեկ ժամով դադարեցվել էր։ Դաշնային վերաքննիչ դատարանը հայտարարել էր, որ իրեն ժամանակ է անհրաժեշտ՝ պաշտպանական կողմի փաստարկներն ուսումնասիրելու համար։ Փաստաբանները պահանջում էին չիրականացնել մարդասպանի մահապատիժը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ Գերագույն դատարանը, սակայն, բավարարել է Թենեսիի դատախազի միջնորդությունը, որը պահանջում էր չեղարկել ստորադաս դատարանի սահմանած հետաձգումը։

Գերագույն դատարանի որոշումն ընդունվել է չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 18։00-ին։ Մահապատժի իրականացման թույլտվության ժամկետը պետք է լրանար կեսգիշերին։ Ավելի ուշ Փայքի փաստաբանը հայտարարել է, որ նա ողջ է մնացել իրեն ներարկված երկու մահացու դեղաչափերից հետո։ Դատավճռի կատարման գործընթացի ընթացքում բանտարկյալի փաստաբանները շտապ միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել այն։

«Փայքը կորցրել է գիտակցությունը, բայց նրա սիրտը դեռ բաբախում է, լսվում է նրա խռմփոցը»,- ասվում է փաստաբանների հայտարարության մեջ։

Նրա ներկայացուցիչներից մեկը BBC-ին հայտնել է, որ 50-ամյա Փայքի «վերակենդանացման միջոցառումներ են իրականացվում» այն բանից հետո, երբ նրան երկու ներարկում են արել պենտոբարբիտալով՝ մահապատժի ժամանակ կիրառվող ուժեղ ազդեցությամբ քնաբեր դեղամիջոցով։

Մահապատժի ականատեսները հայտնել են, որ ներարկումներից հետո Փայքը շարունակել է շնչել, այնուհետև նրան դուրս են բերել սենյակից։ Թենեսի նահանգի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել իրավիճակը։

Փայքի փաստաբանները տեղական թերթին հայտարարել են․ «Այսօր երեկոյան Թենեսի նահանգը կրկին չկարողացավ օրինական կերպով իրականացնել մահապատիժը։ Մենք գոհունակություն չենք զգում այն բանից, որ մեր մտավախությունները ճիշտ դուրս եկան, սակայն Փայքի բարձրացրած մտահոգություններն արդարացված էին»։

Հայտարարության համաձայն՝ Փայքը նախազգուշացրել էր «երակներ մուտք գործելու դժվարությունների, ասեղը մտցնելիս երակների վնասման, պենտոբարբիտալի փչացած լինելու և շտապ բժշկական օգնության բացակայության մասին այն դեպքում, երբ, անխուսափելիորեն, ինչ-որ բան սխալ է ընթանում»։

Ինչի համար են նրան դատապարտել մահապատժի

50-ամյա Փայքը մահապատժի էր սպասում 1996 թվականից՝ այն բանից հետո, երբ նրան մեղավոր էին ճանաչել սպանության մեջ։ Եթե դատավճիռը, այնուամենայնիվ, ի կատար ածվի, Փայքը կդառնա Թենեսիում ավելի քան 200 տարվա ընթացքում մահապատժի ենթարկված առաջին կինը։ 1970-ականներից ի վեր ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել ընդամենը 18 կին, մինչդեռ տղամարդկանց թիվը 1663 է։ Մինչ այդ, ԱՄՆ Գերագույն դատարանն արդեն մերժել էր մահապատժի հետաձգման վերաբերյալ միջնորդությունը, իսկ Թենեսիի նահանգապետը այս շաբաթվա սկզբին հրաժարվել էր բավարարել Փայքի համաներման խնդրանքը։

Փայքը 18 տարեկան է եղել, երբ իր այն ժամանակվա ընկերոջ՝ Թադարիլ Շիփի հետ միասին ծեծել, խոշտանգել և սպանել է 19-ամյա Քոլին Սլեմերին։ Նրանք Սլեմերի հետ ծանոթացել էին վարքային խնդիրներ ունեցող դեռահասների համար նախատեսված մասնագիտական վերապատրաստման ճամբարում։

Սպանությունը մեծ արձագանք էր առաջացրել․ զոհի կրծքավանդակին փորագրված է եղել պենտագրամ՝ սատանայական ծեսի խորհրդանիշ։

Փայքը պնդում էր, թե  Քոլինը վիրավորել է իրեն և փորձել է խլել իր ընկերոջը։ Ճամբարի ևս երկու սաներ հետագայում ցուցմունք էին տվել, որ Փայքը սպանությամբ պարծեցել է ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո, ինչպես նաև նրանց ցույց է տվել զոհի գանգի մի հատված։ Մեկ տարի անց Փայքը դատապարտվել էր մահապատժի, իսկ Շիփը, որն այդ ժամանակ 17 տարեկան էր, ստացել է ցմահ ազատազրկում՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությամբ։

Սակայն Փայքի՝ մանկության տարիներին կրած սեռական բռնության, ինչպես նաև անուշադրության և անտեսված լինելու պայմաններում ապրելու վերաբերյալ փաստագրված տեղեկություններ են ի հայտ եկել։

Դատավճռից անցած տարիների ընթացքում Փայքի պաշտպանական կողմը ուսումնասիրել և բացահայտել է նրա մանկության վերաբերյալ մանրամասներ, որոնք, ըստ փաստաբանների, 1996 թվականին երդվյալ ատենակալները չէին կարող հաշվի առնել։ Նրա փաստաբանները կարծում են, որ եթե նա այսօր դեռահաս լիներ, ապա նման անցյալ ունենալու դեպքում, նույնիսկ մեղավորությունն ապացուցող բոլոր փաստերի առկայության պայմաններում, նրան մահապատժի չէին դատապարտի։ Պաշտպանական կողմը նշել է, որ տարիներ շարունակ Թենեսի նահանգի ներկայացուցիչները դատարանում պնդել են, թե Փայքը ստում էր այն մասին, որ մանկության տարիներին ենթարկվել է սեռական բռնության։ Սակայն մահապատժի իրականացման միջոցին նվիրված վերջին դատական նիստում նահանգի ներկայացուցիչները հանկարծ հայտարարել են, որ չեն վիճարկում այն փաստը, որ նա ենթարկվել է սեռական բռնության և բռնաբարության։

Չորեքշաբթի Վեցերորդ շրջանի վերաքննիչ դատարանի դատավորներն իրենց որոշման մեջ նշել են, որ Փայքի գործով փաստարկներն ուսումնասիրելու համար իրենց լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ։ Սակայն Գերագույն դատարանը չեղարկել է նրանց որոշումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի