ՌԴ-ն արգելել է Հայաստան, Ադրբեջան և մի շարք այլ երկրներ ավելի քան 1 մլն ռուբլի կանխիկ դուրս բերել
Քաղաքականություն
29.09.2026 | 17:36
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին արգելել է Ռուսաստանից ԵՏՄ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան կանխիկով ավելի քան 1 միլիոն ռուբլի արտահանել։ Այս մասին ասվում է Պուտինի ստորագրած հրամանագրում, փոխանցում է Current time-ը։
ԵՏՄ-ի կազմում, Ռուսաստանից բացի, ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Միաժամանակ, ավելի քան 1 միլիոն ռուբլի արտահանելու արգելքը չի տարածվում կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված օդանավակայանների միջոցով գումար տեղափոխելու վրա՝ բանկային քաղվածքների կամ կառավարության սահմանած ցանկում նշված այլ փաստաթղթերի առկայության դեպքում։
Արգելքը խախտելու դեպքում, ըստ փաստաթղթի, գումարը կբռնագանձվի՝ ֆիզիկական անձանցից կվերցվի 1 միլիոն ռուբլին գերազանցող մասը, իսկ իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից՝ ամբողջ գումարը։
Այս հրամանագրով ընդլայնվում է այն երկրների ցանկը, ուր արգելվում է կանխիկ ռուբլի արտահանել, նվազեցվում է արտահանման թույլատրելի գումարը, ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թույլատրվում է արտահանել մինչև 1 միլիոն ռուբլի։
Պուտինի՝ մարտին ստորագրած հրամանագրի համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց արգելվում էր Ռուսաստանից ԵՏՄ երկրներ արտահանել 100 հազար դոլարի համարժեքը գերազանցող կանխիկ ռուբլի՝ մոտ 8,4 միլիոն ռուբլի։ Անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար արգելքը գործում էր՝ անկախ գումարի չափից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

