Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
Հասարակություն
29.09.2026 | 13:31
Հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի նկարը վերականգնվելու է։ Երևանի քաղաքապետարանն ու Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքը բանակցում են մանրամասների շուրջ։ Այս մասին Factor.am-ին հայտնեց հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջվել է Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը։ Երևանի Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել էին, որ այն ջնջել են պատի վերականգնման աշխատանքերով պայմանավորված։ Նախորդ շաբաթ քաղաքապետրանից Factor.am-ին տեղեկացրել էին նաև, որ նկարի վերականգման որոշում չունեն։
Արտակ Հովհաննիսյանն այսօր Factor.am-ին փոխանցեց, որ նկարը նույն տեղում չի վերականգնվելու, բայց լինելու է «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, իսկ թե կոնկրետ որտեղ՝ դեռ վերջնական որոշում չկա։
Թեմային ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազայանը։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը։ Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ Ալբերտի հայտնի լուսանկարը՝ հրետանային կրակ վարելու պահին, դարձավ 44-օրյա պատերազմի ամենաճանաչված պատկերներից մեկը։ Ալբերտը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 13-ին։ Նա ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ որպես հրետանավոր։
Ըստ նրա հրամանատարի ներկայացրած տեղեկությունների՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ հրետանային ստորաբաժանմանը տրվել էր թաքստոց մտնելու հրաման, Ալբերտը որոշել է կատարել կրակոց՝ հաշվի առնելով առաջնագիծը ճեղքելու վտանգը։ Այդ գործողությունից հետո նա հակառակորդի «Սմերչ» համակարգի կասետային զինամթերքի հարվածից մահացու վիրավորում է ստացել։
Նրան հետմահու շնորհվել են «Արիության համար» մեդալը և Արցախի բարձրագույն՝ «Արցախի հերոս» կոչումը՝ «Ոսկե արծիվ» շքանշանով։
Նարեկ Կիրակոսյան

