Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.09.2026 | 20:01Այս տարի՝ ո՛չ այցելություն «Եռաբլուր», ո՛չ մխիթարանքի խոսքեր․ Հայաստանի բարձրագույն իշխանությունը լուռ էր սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին։
«Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանը բարձրանա, նրանք զոհվեցին, որ Հայաստանն ապրի»,- անկախության 35-ամյակի ուղերձում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը երեկ որևէ կերպ չհիշեց Հայաստանի համար ընկած նահատակներին։ Factor TV-ն դեռևս սեպտեմբերի 26-ին էր նրա մամուլի խոսնակից հետաքրքրվել՝ արդյո՞ք սեպտեմբերի 27-ին այց լինելու է «Եռաբլուր»։ Խոսնակն այդպես էլ չէր արձագանքել։
Փաշինյանի թիմակից, ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանն այսօր Factor TV-ի հարցերին ի պատասխա՝ն փորձեց պարզաբանել, թե ինչու քաղաքական ղեկավարը չի հարգել զոհերի հիշատակը։
«Դրա համար օր կա սահմանված»,- ասաց ՔՊ-ականը և դժվարությամբ մտաբերեց այդ օրը․ «Կարծեմ՝ դա հունվարի 27-ն է, չէ՞, դա պաշտոնական ցանկի մեջ է»։
«Իշխանությունները չանդրադարձան սեպտեմբերի 27-ին, բայց ժողովուրդն իր խոսքն ասաց, մարդիկ գալիս էին «Եռաբլուր», երթը չէր դադարում։ Ժողովուրդը չընդունեց իրենց նշանակած սգո օրը»,- ասում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ ուրացում է համարում Փաշինյանի երեկվա լռությունը․ «Պետական քաղաքականություն է մշակվել՝ մոռացության տալ մեր հերոս տղաների զոհողությունները, ինչի դրսևորումները տեսնում ենք»։
Նիկոլ Փաշինյանի կողմից սեպտեմբերի 27-ն ի պաշտոնե մոռացության տալու մասին ընդդիմադիրների քննադատություններին ՔՊ-ական Վոլոդյա Հակոբյանը հեգնանքով է պատասխանում։
«Եթե վարչապետը չի գնում ինչ-որ տեղ, իրենք մոռանում են ինչ-որ առիթ կամ ինչ-որ հիշատակի օր, դա իրենց խնդիրն է, դա մոռանալ հնարավոր չէ»,- ասում է նա։
«Այդ օրը սովորական օր չէ, այդ օրն է սկսվել Հայաստանի և Արցախի դեմ այնպիսի մասշտաբի պատերազմ, որը չէիք տեսել, այդ օրը մի բառ հնչեցնելն անհրաժեշտ էր»,-հակադարձում է Աննա Գրիգորյանը։
Վարչապետի կողմից ուղերձ և այց կլինի միայն պետական մակարդակով սահմանված հիշատակի օրերին։ Վոլոդյա Հակոբյանը թվարկում է ՔՊ-ի օրոք տեղի ունեցած ողբերգությունները և ընդգծում՝ ամեն օր վարչապետից ուղերձ չպետք է սպասել։
«Սեպտեմբերի 28-ն էլ պատահական օր չի, նոյեմբերի 8, 9, 19․․․ մի օր Շուշին է եղել կիզակետում, մի օր՝ Հադրութը, ամեն օր կարող եք գալ ասել՝ անտեսեց»,- նշում է ՔՊ-ական պատգամավորը։
Փաշինյանը 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվում է խաղաղությանը չվնասելու սկզբունքով։ Արդյո՞ք սեպտեմբերի 27-ի հիշատակումը կարող էր վնասել իշխանության նշած խաղաղությանը։
«Ո՞նց կարող է սեփական զավակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելը վնասել խաղաղությանը»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել է 3833 անձ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

