Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Քաղաքականություն
27.09.2026 | 17:39
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին զգուշացրել է արհեստական բանականության (ԱԲ) չվերահսկվող զարգացման հնարավոր վտանգների մասին։
NBC News-ին տված հարցազրույցում Գեյթսը նշել է, որ արհեստական բանականությունն ունի այնպիսի հզորություն, որ կարող է նպաստել իրադարձությունների զարգացմանը, որոնք կարող են հանգեցնել մինչև մեկ միլիարդ մարդու մահվան։
Նրա խոսքով՝ երբ վատ մտադրություններ ունեցող մարդիկ համատեղում են իրենց հնարավորությունները նորագույն արհեստական բանականության գործիքների հետ, առաջանում է մեծ վտանգ։ Գեյթսը շեշտել է, որ ԱԲ-ն անհրաժեշտ է խստորեն կարգավորել օրենսդրական մակարդակով։
«Դա որոշակի լրացուցիչ ծախսեր կստեղծի ոլորտի համար, սակայն չի հանգեցնի դրա աշխատանքի էական դանդաղեցմանը»,- նշել է նա։
NBC News-ը առայժմ հրապարակել է Գեյթսի ծավալուն հարցազրույցից միայն հատվածներ։ Ամբողջական հարցազրույցը կհեռարձակվի այսօր՝ սեպտեմբերի 27-ին։
Գեյթսը օգոստոսին հրապարակած էսսեում ևս անդրադարձել էր արհեստական բանականության հետ կապված իր մտահոգություններին։ Նա առաջարկել էր նաև նոր հարկեր սահմանել ԱԲ-ի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնոլոգիան կարող է դուրս մղել մարդկային աշխատուժին։
ԱԲ-ի զարգացման տեմպերը շտապ դանդաղեցնելու անհրաժեշտության մասին ավելի վաղ խոսել էին նաև OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը և Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի իշխանությունները չեն աջակցել արհեստական բանականության զարգացման դանդաղեցման կոչերին։

