ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը դատարանում ինքնավնասում է կատարել
Քաղաքականություն
25.09.2026 | 18:39
Բանտարկված ադրբեջանցի խաղաղության ակտիվիստ և հետազոտող Բահրուզ Սամեդովն այսօր Ադրբեջանի Գերագույն դատարանում տեղի ունեցած նիստի ընթացքում սուր առարկայով կտրել է ձեռքը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 25-ին Գերագույն դատարանը քննել է Բահրուզ Սամեդովի վճռաբեկ բողոքը՝ դատավոր Իլկին Աբդուլլաևի նախագահությամբ: Դատավարության ընթացքում փաստաբան Զիբեյդա Սադիգովան վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պետական դավաճանության հոդվածը չեղյալ համարելու համար: Դատարանը բողոքը չի բավարարել։
Դրանից հետո Սամեդովը մի քանի միջնորդություններ է ներկայացրել։ Դատարանը դրանք նույնպես չի բավարարել։ Ի նշան բողոքի՝ Սամեդովը հենց դատարանի դահլիճում ինքնավնասում է կատարել։ Նա մի քանի տեղից կտրել է աջ ձեռքը։ Դատարան շտապօգնության մեքենա է կանչվել։
«Երբ բառերը սպառվում են, ստիպված ես արյան միջոցով խոսել»,- հայտարարել է Սամեդովը։
Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ ներկայում չեն հաղորդվում։
Չեխիայի Կառլի համալսարանի դոկտորանտ Բահրուզ Սամեդովը ձերբակալվել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցների կողմից 2024 թվականի օգոստոսի 21-ին։
Սամեդովը 2025 թվականի հունիսի 23-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավճռով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Հետաքննության վարկածի համաձայն՝ նա, իբր, համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ։ Սամեդովը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա ընդգծել է, որ դեմ է պետությունների միջև պատերազմին և դրա հետևանքով մարդկանց զոհվելուն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

