Ովքեր և ինչպես կմասնակցեն բուժաշխատողների լիցենզավորման գործընթացին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում մեկնարկում է ավագ բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգի ներդրման գործընթացը։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և տնօրենի իրավական հարցերով խորհրդական Կարինե Աբրահամյանը։
Լիցենզավորման գործընթացը պարտադիր է ավագ բուժաշխատողների և դեղագետների համար։
Բուժքույրերը և միջին բուժաշխատողներն այս փուլում լիցենզավորման գործընթացին չեն մասնակցում։
Լիցենզիա ստանալու նպատակով բուժաշխատողները պետք է հանձնեն կենտրոնացված էլեկտրոնային թեստավորում, որը բաղկացած է լինելու 30 հարցից։ Թեստը ներառելու է հարցեր հիմնական մասնագիտությունից, բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններից և առաջին բուժօգնությունից։
Քննության համար կհատկացվի 60 րոպե։ Դրական արդյունք կհամարվի 70%-ից ավելին՝ առնվազն 21 ճիշտ պատասխանը։ Յուրաքանչյուր բուժաշխատող կունենա քննությունը հանձնելու 3 հնարավորություն։
Քննությունները կազմակերպվելու են առցանց՝ հատուկ էլեկտրոնային հարթակում, որն աշխատում է արհեստական բանականության և Face ID նույնականացման հենքով։
Բուժաշխատողները հնարավորություն կունենան քննությունը հանձնելու անմիջապես աշխատավայրից կամ տնից։ Ծրագիրը հետևելու է թեստավորման ընթացքին և համապատասխան հաշվետվություն է ուղարկելու քննական հանձնաժողովին։ Այն մասնագետների համար, որոնց համակարգիչները չունեն Face ID կամ տեխնիկական անհրաժեշտ հնարավորություններ, Առողջապահության ազգային ինստիտուտում, բժշկական կենտրոններում և մարզերում կկահավորվեն հատուկ աշխատանքային տեղեր։
Քննական հարցաշարերը հասանելի կդառնան նոյեմբերի 1-ից, որպեսզի բուժաշխատողները կարողանան նախապես ծանոթանալ։ Բուժաշխատողները քննությանը գրանցվելու են Բուժաշխատողների ռեգիստրի միջոցով։
Մասնագետները հորդորում են գրանցումը չթողնել վերջին պահին և գրանցվել մինչև դեկտեմբերի վերջ։
Քննությունների բուն գործընթացը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։ Շրջանառվող օրենսդրական փոփոխությամբ՝ լիցենզավորման վերջնաժամկետը նախատեսվում է երկարաձգել 6 ամսով՝ սահմանելով մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Քննությունը հաջողությամբ հանձնելուց և փաստաթղթերը Բուժաշխատողների ռեգիստր մուտքագրելուց հետո մասնագետը կստանա անհատական լիցենզիա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

