Իրանը պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի շրջափակումը
Քաղաքականություն
22.09.2026 | 18:19
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Իրանը կարող է վերաբացել Հորմուզի նեղուցը յոթ օրվա ընթացքում, եթե Միացյալ Նահանգները թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։
Կիրակի Իրանի Կենտրոնական ռազմական հրամանատարությունը հայտնել էր, որ տեղեկություն է ստացել այն մասին, որ ԱՄՆ-ը տարածաշրջանի երկրների աջակցությամբ պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները, և նախազգուշացրել, որ դա կհանգեցնի Թեհրանի կողմից «առանց սահմանափակումների և վերապահումների» պատասխան գործողությունների։
«ԱՄՆ-ը պետք է հայտարարի, որ ցանկանում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, պաշտոնականացնի այդ մտադրությունը, այնուհետև համաձայնեցնի գործընթացի առաջմղման ժամանակացույցը»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցող իրանական պատվիրակությունը գտնվում է Նյու Յորքում և լիազորված է վերսկսել դիվանագիտությունը Միացյալ Նահանգների հետ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը երեքշաբթի առավոտյան Թեհրանից մեկնել է Նյու Յորք, չի հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հայտնել է պաշտոնյան Reuters-ին։
Աղբյուրը նշել է, որ Վաշինգտոնի հետ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրի մանրամասները կարող են քննարկվել Նյու Յորքում՝ միջնորդների միջոցով՝ պարզաբանելով, որ Թեհրանի առաջարկը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցվել սեպտեմբերի 16-ին։
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ԱՄՆ-ի համար ոսկե հնարավորություն է՝ վերադառնալու դիվանագիտությանը»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Թեհրանը կողջունի դիվանագիտական գործընթացի վերականգնումը, եթե Վաշինգտոնը շոշափելի քայլեր ձեռնարկի։

