Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումը
Քաղաքականություն
22.09.2026 | 15:50
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակության հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական համագործակցությունն ու կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները։
ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանին։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Գոհունակությամբ է ընդգծվել երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցության հնարավորություններին։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործումն ու նոր ուղղություններով փոխգործակցության խորացումը։

