Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ չի պատկերացրել երբեք․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.09.2026 | 13:33ՀՀ Անկախության տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ անկախության նշանակությանը, Արցախի կորստին, Վազգեն Սարգսյանի թողած ժառանգությանն ու սահմանազատման գործընթացին։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կարձագանքեր սպարապետ Վազգեն Սարգսյանը, եթե ողջ լիներ և տեսներ, որ Արցախն այլևս հայկական չէ, Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ չի պատկերացրել երբեք։ Վազգեն Սարգսյանը երբեք հանձնված վիճակի հետ չի համակերպվել, պարզ չէ՞ դա։ Մենք շատ ավելի ծանր վիճակներից դուրս ենք եկել, 1994 թվականի խաղաղությունն ենք ունեցել։ Եկեք մենք մեզ հիշողությունից չզրկենք։ Եթե զրկվենք այդ հիշողությունից, մեր մարդկային կերպարանքը կկորցնենք»։
Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե գործող իշխանության օրոք Հայաստանի անկախությունը վտանգված է, իշխանական պատգամավորն ընդգծեց, որ անկախությունը մշտապես պաշտպանության կարիք ունի։
«Նրանք սխալ կարծիք ունեն։ Անկախությունը միշտ պետք է պաշտպանել, և դրա համար բոլորս պետք է պատրաստ լինենք՝ անկախ նրանից՝ իշխանություն ենք, թե ընդդիմություն։ Այ այդտեղ է խնդիրը, որը դեռևս լուծված չէ»,- ասաց Քոչարյանը։
Քոչարյանը խոսեց նաև սահմանազատման գործընթացից։ «Տեղում դոփելը վատ բան է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատային իրավիճակներն արագ լուծումներ ստանան։ Բայց դա չի նշանակում, որ պետք է զենքերը վերցնենք ու սկսենք իրար վրա կրակել։ Միջազգային իրավունքի նորմերից ելնելով՝ կրակելը պետք է մնա հետին պլանում, իսկ սահմանազատումը պետք է բերի այնպիսի լուծումների, որոնք խախտելն այլևս անհնար լինի»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

