RSF-ը բացահայտել է Չինաստանի՝ ամբողջ աշխարհում լրագրությունը խեղաթյուրելու գլոբալ արշավը․ զեկույց

Լուրեր

21.09.2026 | 19:00
Մեր զոհողությունները՝ հանուն անկախության, արդարացված են․ հայ ազգը ծայրամասից դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 18:51
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի նկատմամբ՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում ընտրությունների հետ կապված
21.09.2026 | 18:44
Բրյուսելի խորհրդանիշերից Manneken Pis-ը հայկական տարազ է հագել ՀՀ անկախության 35-ամյակի առիթով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
21.09.2026 | 18:29
Գրանիտ Ջական կորոնավիրուսի կեղծ վկայական ձեռք բերելու մասին հայտարարությունից հետո հեռացվել է Շվեյցարիայի հավաքականից
21.09.2026 | 18:20
ՀԿ-ները պահանջում են վերանայել շուրջօրյա խնամքի կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման կարգը
21.09.2026 | 18:10
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից // «Ուժեղ Հայաստանի» ծառատունկը Տիգրանաշենում․ ԼՈՒՐԵՐ
21.09.2026 | 18:01
ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь»-ի աշխատանքը բացահայտվել է Չեխիայում․ հետաքննություն
21.09.2026 | 17:59
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
21.09.2026 | 17:50
Ռումինիայում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու Կելին Ջորջեսկուն
21.09.2026 | 17:40
Լուիս դե լա Ֆուենտեն նոր պայմանագիր կնքեց Իսպանիայի հավաքականի հետ
21.09.2026 | 17:30
Բեռլինի Թանգարանային կղզու 50-ից ավելի բացառիկ ցուցանմուշներ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում
21.09.2026 | 17:17
RSF-ը բացահայտել է Չինաստանի՝ ամբողջ աշխարհում լրագրությունը խեղաթյուրելու գլոբալ արշավը․ զեկույց
21.09.2026 | 17:00
Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը կալանավորված են՝ ՌԴ-ի հետ առևտրի նպատակով․ Փաշինյանը և Պուտինը կգնան մինչև վերջ․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 16:50
Անկախության օրվա առթիվ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի և այլ երկրների պաշտոնյաներ
21.09.2026 | 16:39
Անկախության տոնի առթիվ պետական պարգևներ են շնորհվել 8 անձի
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է նոր զեկույց, որում մանրամասն ներկայացվում են Չինաստանի իշխանությունների ջանքերը՝ ամբողջ աշխարհի տեղեկատվական տարածքում իրենց քարոզչությունը պարտադրելու համար։ Ըստ զեկույցի՝ 2013 թվականից ի վեր Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ձգտում է խթանել «նոր համաշխարհային մեդիակարգի» գաղափարը, որի շրջանակում փաստերը ճնշվում են՝ հօգուտ քարոզչության, իսկ այն լրագրողները, որոնք լուսաբանում են Չինաստանի իշխանություններին անհաճո ճշմարտությունները, ենթարկվում են ճնշումների։ Զեկույցում մանրամասն ներկայացվում են Պեկինի կողմից կիրառվող բազմաթիվ մեթոդներ, այդ թվում՝ արտասահմանյան լրատվամիջոցների ֆինանսավորում, մեդիա համագործակցության համաձայնագրերի կնքում, ինչպես նաև լրագրողների նկատմամբ հետապնդումներ և սպառնալիքներ։

Այս զեկույցը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության կողմից իրականացվող հետաքննական նախաձեռնության՝ «Քարոզչության մոնիթորինգի» (The Propaganda Monitor) երկրորդ մասն է, որի նպատակն է բացահայտել քարոզչության աշխարհաքաղաքականությունը։ Ռուսաստանին նվիրված առաջին թողարկումից հետո այս երկրորդ զեկույցը ներկայացնում է Չինաստանի իշխանությունների գլոբալ քարոզչական ապարատը և դրա ընդլայնումը հինգ մայրցամաքներում։

Կազմակերպությունն ընդգծում է՝ արդյունքները մտահոգիչ են. աշխարհում ոչ մի երկիր ապահովագրված չէ չինական քարոզչությունից։ 2013 թվականին Սի Ցզինպինի իշխանության գալուց ի վեր Չինաստանի վարչակարգը ոչ միայն լռեցրել է լրատվամիջոցներին սեփական տարածքում, այլև ակտիվորեն ձգտել է իր սահմաններից դուրս արտահանել «համաշխարհային լրատվական նոր կարգ» և լրագրությունը փոխարինել տեղեկատվության վերահսկման ավտորիտար մոդելով, որտեղ լրատվամիջոցների գործառույթը պետությանը կրկնելն է։

Զեկույցը մանրամասնում է, թե ինչպես է Պեկինը մեծ ներդրումներ կատարում իր պետական ​​լրատվամիջոցների ներկայությունն արտերկրում ընդլայնելու համար, համագործակցելով թիրախային երկրների վստահելի լրատվամիջոցների հետ և աշխարհի տարբեր ծայրերից լրագրողներին, բոլոր ծախսերը հոգալով, հրավիրում Չինաստան՝ իր նարատիվները տարածելու համար։ Այս համակարգը հենվում է բազմաթիվ դերակատարների վրա՝ սկսած Կենտրոնական քարոզչության վարչությունից, որը վերահսկում է պետական ​​լրատվամիջոցների բովանդակությունը, ինչպիսիք են CGTN-ը և Xinhua-ն, որոնք գործում են աշխարհի 160 երկրներում, մինչև ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի սփյուռքի լրատվամիջոցները։ Չինաստանի քարոզչական ապարատն օգտագործում է Պեկինի շահերին ենթակա քարոզիչների, այդ թվում՝ պետական Shanghai Daily լրատվամիջոցից Էնդի Բորեհեմին, ինչպես նաև «վերապատրաստում» է օտարերկրյա լրագրողների՝ ռեժիմի քարոզչությունը կրկնելու համար։ Ավելին՝ լրագրության նկատմամբ Պեկինի ճնշումները, որոնց հետևանքով Չինաստանը դարձել է աշխարհում լրագրողներին ազատությունից զրկելու առաջատար երկիրը (ներկայում 120 լրագրող գտնվում է կալանքի տակ), գնալով տարածվում են նաև արտերկրում աշխատող լրագրողների վրա՝ խթանելով Չինաստանի նկատմամբ քննադատական հրապարակումների ինքնագրաքննությունը։

«Չինաստանը փորձում է սահմանել լրագրության սեփական նորմերն ու մոդելը՝ այնպիսի մոդել, որտեղ լրատվամիջոցները հաշվետու են միայն ռեժիմին և դիտարկվում են որպես քարոզչության ու վերահսկողության գործիք, այլ ոչ թե ժողովրդավարության անկախ հենասյուն։ Առավել մտահոգիչ է այն, որ Չինաստանը համագործակցում է այլ ավտորիտար ռեժիմների, օրինակ՝ Պուտինի Ռուսաստանի հետ՝ գլոբալ տեղեկատվական տարածքում նրանց վերահսկողությունն ամրապնդելու և ամբողջ աշխարհում լրագրությունը, ինչպես մենք այն գիտենք, վերափոխելու նպատակով։ Հույս ունենք, որ այս զեկույցը լույս կսփռի այդ մարտավարությունների վրա և մեր ժողովրդավարություններին հնարավորություն կտա պաշտպանական մեխանիզմներ ստեղծել՝ մեր տեղեկատվական տարածքը պաշտպանելու համար, քանի դեռ ուշ չէ»,- ասվում է RSF-ի խմբագրական տնօրեն Անն Բոկանդեի և կազմակերպության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շահերի պաշտպանության հարցերով մենեջեր Ալեքսանդրա Բիելակովսկայի հայտարարության մեջ։

Չինաստանի ռազմավարությունները՝ իր ավտորիտար մեդիա մոդելը արտահանելու նպատակով

  1. Բովանդակության փոխանակման գործարքներ – Չինաստանի պետական լրատվամիջոցները համաձայնագրեր են կնքում օտարերկրյա և տեղական լրատվամիջոցների հետ, ինչի արդյունքում չինական քարոզչությունը կարող է ներկայացվել որպես անկախ լրագրություն, ինչպես Գերմանիայում։
  2. Սփյուռքի լրատվամիջոցների ներգրավում – Չինական սփյուռքի լրատվամիջոցներն ու ազդեցիկ գործիչները ներգրավվում կամ ճնշումների են ենթարկվում՝ չինական քարոզչությունը տարածելու և իշխանություններին չհամապատասխանող բովանդակությունը բացառելու համար, ինչպես ԱՄՆ-ում։
  3. Սարքավորումներ՝ գրաքննության դիմաց – Տեղական լրատվամիջոցներին տրամադրվում են ֆինանսավորում և տեխնիկական միջոցներ՝ Չինաստանի իշխանությունների շահերին համապատասխան խմբագրական քաղաքականություն վարելու դիմաց։
  4. Տեղական լեզուներով հաղորդակցություն – Չինաստանի պետական լրատվամիջոցներն ընդլայնում են օտարալեզու ծառայությունները, այդ թվում՝ CGTN-ը, որը հեռարձակվում է 160 երկրում, այդ թվում՝ Թուրքիայում, Ֆրանսիայում և Աֆղանստանում, Պեկինի դիրքորոշումները տարածելու և Չինաստանում մարդու իրավունքների խախտումները մեղմ ներկայացնելու նպատակով։
  5. Ճնշում արտասահմանյան լրատվամիջոցների վրա դեսպանատների միջոցով – Չինաստանի դեսպանատներն ու դիվանագետները հարձակումներ են գործում անկախ լրատվամիջոցների և Պեկինի ազդեցությունն ուսումնասիրող լրագրողների դեմ՝ նրանց վարկաբեկելու և լռեցնելու նպատակով։
  6. Վերապատրաստման ծրագրեր և մեդիա գագաթնաժողովներ – Լրագրողների համար կազմակերպվում են ամբողջությամբ ֆինանսավորվող այցեր, «վերապատրաստումներ» և մեդիա գագաթնաժողովներ՝ լրագրողական հիմնարար սկզբունքները թուլացնելու և չինական քարոզչությունն ու նարատիվները տարածելու նպատակով։
  7. Անդրսահմանային ճնշումներ – Չինաստանը ոչ միայն 120 լրագրողի երկրի ներսում պահում է կալանքի տակ, այլև թիրախավորում է ամբողջ աշխարհում գործող անկախ և սփյուռքի լրատվամիջոցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում բնակվող ույղուր և հոնկոնգցի լրագրողներին։
  8. Քարոզիչներ և ինֆլուենսերներ– Չինաստանի հետ կապված պետական կառույցներն ավելի հաճախ են կազմակերպում օտարերկրյա յութուբերների և տիկտոկերների հովանավորվող այցեր, իսկ պետական լրատվամիջոցները ծրագրեր են իրականացնում նրանց համար՝ քարոզչությունը լայն և հատկապես երիտասարդ լսարանին հասցնելու նպատակով։
  9. Ներդրումներ և գովազդ – Չինաստանը մեծ ներդրումներ է կատարում լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում գովազդի ոլորտում։ Թայվանում Չինաստանում գործող Wubianjie ընկերությունը մեծ ներդրումներ է կատարել Facebook-ի՝ կենսակերպին նվիրված խմբերում և Threads-ի հաշիվներում ապատեղեկատվական բովանդակության տարածման ուղղությամբ, հատկապես՝ քաղաքականապես զգայուն և անկայուն ժամանակահատվածներում։
  10. Համախոհ քարոզչության ուժեղացում – Չինաստանի պետական լրատվամիջոցները, այդ թվում՝ CGTN-ը, ակտիվորեն արտատպում են Ռուսաստանի պետական լրատվամիջոցների, օրինակ՝ Sputnik-ի և RT-ի բովանդակությունը, մասնավորապես, տարածելով Ուկրաինա՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման վերաբերյալ նրանց քարոզչական թեզերը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Տեղեկատվության նկատմամբ ամբողջատիրական վերահսկողությունը Չինաստանում

1) Պետական լրատվամիջոցները «պետք է կրեն կուսակցության անունը»,

2) Տեղեկատվական սև անցքեր. Արևելյան Թուրքեստան և Տիբեթ, (Լրագրողների լռեցումը. Արևելյան Թուրքեստանում ցեղասպանությունը թաքցնելու բանալին: Տիբեթ, որտեղ անկախ լրագրողների մուտքն արգելված է),

3) Հոնկոնգ. մամուլի ազատության նախկին փարոսն ազատ անկման մեջ է,

4) Սի Ցզինպինի արշավանքը Չինաստանում անկախ լրագրողների դեմ,

5) Չինաստանի՝ անդրսահմանային բռնաճնշումների երկար ձեռքը,

6) Չինաստանի Great Firewall-ը (համացանցային գրաքննության ու վերահսկողության համակարգ) և աշխարհում արտահանվող նոր տեխնոլոգիաները։

Չինաստանի քարոզչությունն այժմ տարածվում է հինգ մայրցամաքներում՝ Ասիա (առցանց տեղեկատվության վերահսկողությունը Մյանմայում, Կամբոջայում և Վիետնամում, Ֆիլիպիններում Պեկինի աջակցությամբ իրականացվող հետապնդման արշավի կառուցվածքը, չինական մարքեթինգային ցանցը քաղաքական նարատիվներ է ներմուծում թայվանական կենսակերպին նվիրված բովանդակության մեջ և Աֆղանստանում ակտիվությունը); Խաղաղօվկիանոսյան կղզիներ (Ֆիջի, աճող ազդեցությունը Սողոմոնյան կղզիների մեդիադաշտի վրա); Ամերիկա (Պեկինն օգտագործում է չինական սփյուռքը՝ ԱՄՆ-ում հասարակական կարծիքը ձևավորելու համար, վճարովի մամուլի այցեր Գրենադայում, Ջամայկայում և Գայանայում, Լատինական Ամերիկայում Չինաստանի՝ օրինակելի կերպարի վիճարկում); Աֆրիկա (ակտիվություն Հարավային Աֆրիկայում, Եգիպտոսում); Եվրոպա (Չինաստանի ուշադրության ներքո է մամուլի ազատությունը Դանիայում, Shanhui Zhang-ը Պեկինի ձայնն է ֆրանսիական հեռուստատեսությամբ, ներթափանցում է գերմանական մեդիա դաշտ, չինական քարոզչությունը Թուրքիայում նեղացնում է ույղուրների ձայնի տարածքը, աճող ազդեցությունը Վրաստանի տեղեկատվական տարածքի վրա)։

Կազմակերպությունն առաջարկում է ժողովրդավարական կառավարություններին՝

1) Պաշտպանել ժողովրդավարական տեղեկատվական տարածքները,

2) Առցանց հարթակներից պահանջել խթանել տեղեկատվության վստահելի աղբյուրները,

3) Պաշտպանել լրագրողների մասնագիտական անկախությունն ու աքսորված լրատվամիջոցների կայունությունը,

4) Ճնշում գործադրել Չինաստանի իշխանությունների վրա՝ մամուլի ազատության նկատմամբ ճնշումները դադարեցնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի