Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
Քաղաքականություն
19.09.2026 | 15:48
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Կիևին զինամթերքի վաճառքի և հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացման ծառայությունների հնարավոր գործարքին, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2.68 մլրդ դոլար։ Գերատեսչությունը նաև ներկայացրել է համաձայնագրի ֆինանսավորման հնարավոր սխեման․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, եթե Կիևի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը կնքվի, Ուկրաինան այն կֆինանսավորի եվրոպական ներդրումների և Ջո Բայդենի վարչակազմի կողմից հատկացված ամերիկյան ռազմական ֆինանսավորման միջոցների (FMF) համադրությամբ։
Պետդեպարտամենտ․ գործարքը չի փոխի տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը
Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացման ծառայություններ։ Դրանց թվում են S-300-ի կրկնօրինակ հրթիռներ, GAM-67 հրթիռներ, լազերային ուղղորդմամբ և ընդլայնված հեռահարությամբ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր, ինչպես նաև այլ սպառազինություն։
Մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար Կիևը ԱՄՆ-ից խնդրել է RPS 202 ռադիոլոկացիոն կայաններ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը առանձին ընդգծել է, որ գործարքն իրականացնելու համար ԱՄՆ-ից չի պահանջվի Ուկրաինա ուղարկել կառավարության ներկայացուցիչների կամ կապալառուների։
«Այս սարքավորումների և աջակցության ծառայությունների առաջարկվող վաճառքը չի փոխի տարածաշրջանում առկա ռազմական հիմնական հավասարակշռությունը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

