«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ

Լուրեր

17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
Բոլորը

«Հայփոստը» 100 տոկոսով պատկանում է պետությանը, սակայն ընկերության կառավարման, ղեկավար կազմի և վարձատրության վերաբերյալ մի շարք տեղեկություններ հանրությանը հասանելի չեն։

Ընկերության տնօրեն Շուշան Ալեքսանյանը, որ նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինն է, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի տվյալների, ստանում է ամսական շուրջ 3.6 մլն դրամ՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար վարձատրություն։

Միաժամանակ, Հայկ Կոնջորյանը և Շուշան Ալեքսանյանը հրապարակայնորեն պնդել են, որ Ալեքսանյանը վերջին առնվազն տասը տարիների ընթացքում «Հայփոստ»-ի ամենացածր վարձատրվող տնօրենն է։ 

Օգոստոսի 18-ին Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԲՏԱԱԲ նախարարությանը՝ խնդրելով հայտնել, թե 2010–2026 թվականներին որքան է կազմել «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենների յուրաքանչյուր տարվա միջին ամսական համախառն վարձատրությունը՝ առանց տնօրենների անունները նշելու։

Ընկերությունն ու այն համակարգող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը ԶԼՄ-ների հարցումներին պատասխանելիս պարբերաբար հղում են անում անձնական տվյալների պաշտպանության նորմերին։

Նախարարությունը հրաժարվել է տրամադրել նախկին տնօրենների վարձատրության մասին տեղեկությունը՝ պատճառաբանելով, որ աշխատավարձի վերաբերյալ տվյալները համարվում են աշխատողի անձնական տվյալներ, իսկ պաշտոնավարման հրապարակային ժամկետների հետ դրանք համադրելով հնարավոր կլինի նույնականացնել տվյալ անձանց։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը, սակայն, պնդում է, որ այս դեպքում տեղեկատվության մերժումն ապօրինի է։

«Հանրությունն ու լրատվամիջոցն իրավունք ունեն իմանալու, թե որքան է միջինացված վճարվել տվյալ պաշտոնը զբաղեցնող անձին (գործադիր տնօրենին) 10 տարիների ընթացքում։ Կազմակերպությունը պարտավոր էր տրամադրել այդ տեղեկատվությունը, մանավանդ, որ խոսքը 100% պետական մասնակցությամբ/բաժնեմասով կազմակերպության և հանրային բարձր պաշտոն զբաղեցնող անձի մասին է»,-բացատրում է Դոյդոյանը։

Դոյդոյանի գնահատմամբ՝ տեղեկատվության՝ անձնական տվյալ լինելը ինքնին բավարար հիմք չէ այն չտրամադրելու համար։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածով տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե դրա հրապարակումը խախտում է անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Օրենքը որպես առանձին մերժման հիմք չի նշում տեղեկության պարզապես «անձնական տվյալ» լինելը։

Կոնջորյանի և Ալեքսանյանի հայտարարությունները

2026 թվականի օգոստոսի 3-ին Ազգային ժողովում Հայկ Կոնջորյանը, պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, հայտարարեց, որ իր կինը՝ Շուշան Ալեքսանյանը, «Հայփոստի» պատմության մեջ երբևէ ամենացածր աշխատավարձ ստացած տնօրենն է։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, Շուշան Ալեքսանյանն իր հերթին հայտարարեց, որ վերջին առնվազն տասը տարիների ընթացքում «Հայփոստի» ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն է։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր նաև Հայկ Կոնջորյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ տվյալների, հաշվարկների կամ ուսումնասիրության հիման վրա է արել այդ հայտարարությունը։ Հարցումն անպատասխան է մնացել։

Այս իրավիճակում անհասկանալի է մնում՝ Կոնջորյանի հայտարարության հիմքում ինչ տվյալներ են եղել։ Եթե նրան հասանելի են եղել «Հայփոստի» նախկին գլխավոր գործադիր տնօրենների անհատական վարձատրության տվյալները, ապա ի՞նչ իրավական հիմքով և ի՞նչ կարգով են դրանք նրան տրամադրվել։ 

Եթե այդ տեղեկությունները նրան փոխանցել է Շուշան Ալեքսանյանը, ապա արդյո՞ք գործող տնօրենը կարող էր նախկին աշխատակիցների կամ պաշտոնատար անձանց վարձատրության վերաբերյալ իր տրամադրության տակ եղած տվյալները փոխանցել երրորդ անձի, այդ թվում՝ ամուսնուն։

Իսկ եթե հայտարարությունը հիմնված է եղել ոչ թե Կոնջորյանի կողմից ուսումնասիրված սկզբնաղբյուրների, այլ Շուշան Ալեքսանյանի կատարած հաշվարկների կամ գնահատականների վրա, ապա այդ պնդման անկախ ստուգելիության խնդիր է առաջանում։ Առանց սկզբնաղբյուրի տվյալների հրապարակման հնարավոր չէ գնահատել, թե որքանով է այդ համեմատությունը հիմնավորված։

Ղեկավար անձնակազմի վարձատրությունը

Factor.am-ն ուսումնասիրել է «Հայփոստի» և նրա դուստր ընկերությունների համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և այնտեղից առանձնացրել հիմնական ղեկավար անձնակազմի աշխատավարձերի ու պարգևատրումների ընդհանուր ցուցանիշները։

Կարևոր է հաշվի առնել, որ հաշվետվություններում առանձին չկա բացատրություն, թե ովքեր են ներառված ղեկավար անձնակազմում։ Այդ թվում՝ պարզ չէ, թե արդյոք «Հայփոստ» ՓԲԸ դուստր կազմակերպությունների ղեկավար անձնակազմը ներառված է հիմնական ղեկավար անձնակազմում, թե՝ ոչ։

Միևնույն ժամանակ, ղեկավար անձնակազմի թվաքանակը նշված չէ, ինչը թույլ չի տալիս պարզել՝ 2017 թվականի հաշվետվությունից ի վեր հիմնական ղեկավարների թիվն ավելացել է, թե՝ նվազել։

Այսպես, 2017-ին հիմնական ղեկավար անձնակազմի աշխատավարձերի և պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է 73 մլն դրամ։

2018 և 2019 թվականներին կազմել է, համապատասխանաբար, 72.7 և 83.3 մլն դրամ։

2020-ին ղեկավար անձնակազմի աշխատավարձերի և պարգևատրումների ընդհանուր գումարը, նախորդ տարվա համեմատ, աճել է մինչև 150.1 մլն դրամ։

2021-ին այն կրկին նվազել է մինչև 78.5 մլն, իսկ 2022-ին՝ մինչև 69.7 մլն դրամ։

2023-ից նկատվում է աճի նոր փուլ․ ղեկավար անձնակազմի վարձատրությունը, 2022թ․ ցուցանիշի համեմատ, աճել է ավելի քան 2.5 անգամ՝ կազմելով 179.7 մլն դրամ, 2024-ին՝ 176.8 մլն, իսկ 2025-ին՝ 227.2 մլն դրամ։

Այսպիսով, 2022–2025 թվականներին ղեկավար անձնակազմի ընդհանուր վարձատրությունը և պարգևավճարների ցուցանիշը միասին աճել են ավելի քան երեք անգամ։

Որքանո՞վ է Հայփոստ ՓԲԸ-ի կայքէջը թափանցիկ

«Հայփոստ»-ի պաշտոնական կայքում հասանելի չէ աշխատակազմի ամբողջական կառուցվածքը։

Պետությանը պատկանող որոշ այլ ՓԲԸ-ներ իրենց կայքերում հրապարակում են աշխատակազմի կառուցվածքը կամ հաստիքացուցակը։ Օրինակ՝ նման տեղեկատվություն հրապարակում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ն։ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ կայէջում ևս առկա է առանձին աշխատակազմ բաժինը և հեռախոսահամարներով ներկայացված են աշխատակիցներն ըստ պաշտոնի։

Միաժամանակ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, որպես ընդհանուր կանոն, պարտադրում է տեղեկատվություն տնօրինողներին տարին առնվազն մեկ անգամ հրապարակել նաև հաստիքացուցակները։ Սակայն նույն հոդվածի 6-րդ մասը բացառություն է նախատեսում հանրային նշանակության և բյուջեից ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար՝ թույլ տալով որոշ տեղեկություններ, այդ թվում՝ հաստիքացուցակը, չհրապարակել։

Այսինքն՝ նման իրավական հնարավորություն կա, սակայն թափանցիկության տեսանկյունից տեղեկատվության բացակայությունը շարունակում է մնալ խնդրահարույց։

Այսպիսով, «Հայփոստ» ՓԲԸ պետական 100% մասնակցությամբ ընկերությունում կան թափանցիկության խնդիրներ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը մերժում է տրամադրել գործադիր տնօրենների վարձատրության տվյալները՝ վկայակոչելով անձնական տվյալների պաշտպանությունը։ Բայց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավարը դա համարում է ապօրինություն, որի հետևանքով պատգամավոր Հայկ Կոնջորյանի և տնօրեն Շուշան Ալեքսանյանի պնդումները (թե Ալեքսանյանը «ամենացածր վարձատրվող տնօրենն է») մնում են անստուգելի։

Ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ղեկավար անձնակազմի ընդհանուր վարձատրությունը 2022–2025 թվականներին աճել է ավելի քան երեք անգամ՝ 69.7 միլիոն դրամից հասնելով 227.2 միլիոն դրամի։

Կարևոր է հաշվի առնել, որ հաշվետվություններում առանձին չկա բացատրություն, թե ովքեր են ներառված ղեկավար անձնակազմում։ Այդ թվում՝ պարզ չէ, թե արդյոք «Հայփոստ» ՓԲԸ դուստր կազմակերպությունների ղեկավար անձնակազմը ներառված է հիմնական ղեկավար անձնակազմում, թե՝ ոչ։

Միևնույն ժամանակ, ղեկավար անձնակազմի թվաքանակը նշված չէ, ինչը թույլ չի տալիս պարզել՝ 2017 թվականի հաշվետվությունից ի վեր հիմնական ղեկավարների թիվն ավելացել է, թե՝ նվազել։

Մարիա Խաչատրյան