2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.09.2026 | 21:00«Էս պաշտոնյան բա ո՞նց է ապրում, ո՞նց ա կոստյում ու ժամացույց առնում։ Այս խնդիրը չլուծելը բերելու է աղետների»,- այսօր Կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Որ աղետից խուսափեն, Փաշինյանը զգալիորեն բարձրացնում է իր ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը։ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները, որով Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը բարձրանում է 68,4 տոկոսով կամ 1 մլն 80 հազար դրամով՝ դառնալով 2 մլն 662 հազար դրամ՝ ներկայիս 1,5 մլն դրամի փոխարեն։
Ըստ նախագծի՝ աշխատավարձերի բարձրացման հիմք է հանդիսանում պաշտոնյաների դրույքաչափերի գործակիցների բարձրացումը։ Վարչապետ Փաշինյանի գործակիցը գործող օրենքով 19 է, որը բազմապատկվում է բազային աշխատավարձով՝ 83,200 դրամով։ Նոր փոփոխություններով՝ 83,200 դրամն արդեն բազմապատկվելու է վարչապետի համար սահմանված նոր գործակցով՝ 32-ով։
Այսպես՝ ՀՀ նախագահի աշխատավարձը 1 մլն 664 հազար դրամից դառնում է 2 մլն 662 հազար դրամ, փոխվարչապետներինը՝ 1 մլն 289 հազար դրամից՝ 2 մլն 163 հազար դրամ։
116 տոկոսով բարձրանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նախարարների աշխատավարձը՝ 998 հազար դրամից դառնալով 2 մլն 163 հազար դրամ։
Մարզպետների աշխատավարձը գործող 832 հազար դրամից նախատեսվում է հասցնել 1 մլն 497 հազար 600 դրամի։ Աճը կկազմի 665 հազար 600 դրամ կամ 80 տոկոս։
Նախարարի տեղակալի աշխատավարձը 707 հազար 200 դրամից կդառնա 1 մլն 414 հազար 400 դրամ՝ 707 հազար 200 դրամով կամ 100 տոկոսով աճելով։
Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը գործող 1 մլն 497 հազար 600 դրամից նախատեսվում է հասցնել մինչև 2 մլն 496 հազար դրամի։ Այսինքն՝ աճը կկազմի 915 հազարից մինչև 998 հազար 400 դրամ։
ԱԺ նախագահի տեղակալի աշխատավարձը 1 մլն 164 հազար 800 դրամից նախատեսվում է հասցնել մինչև 2 մլն 163 հազար 200 դրամի։ Աճը կկազմի մինչև 998 հազար 400 դրամ։
ԱԺ պատգամավորի աշխատավարձը 832 հազար դրամից կդառնա մինչև 1 մլն 497 հազար 600 դրամ՝ աճելով մինչև 665 հազար 600 դրամ։
Դատական իշխանության, դատախազության և ինքնավար մարմինների դեպքում ևս նախատեսվում են զգալի բարձրացումներ։
Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը 1 մլն 664 հազար դրամից կդառնա 2 մլն 412 հազար 800 դրամ՝ աճելով 748 հազար 800 դրամով։
Սահմանադրական դատարանի դատավորի աշխատավարձը 998 հազար 400 դրամից նախատեսվում է հասցնել 1 մլն 830 հազար 400 դրամի։ Աճը կկազմի 832 հազար դրամ։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձը 1 մլն 331 հազար 200 դրամից նախատեսվում է հասցնել 2 մլն 163 հազար 200 դրամի։ Աճը կկազմի 832 հազար դրամ։
Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձը 1 մլն 248 հազար դրամից կդառնա 1 մլն 996 հազար 800 դրամ՝ աճելով 748 հազար 800 դրամով։
Գլխավոր դատախազի աշխատավարձը 1 մլն 248 հազար դրամից կդառնա 1 մլն 830 հազար 400 դրամ՝ աճելով 582 հազար 400 դրամով կամ 46,7 տոկոսով։
Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների նախագահների աշխատավարձը 1 մլն 206 հազար 400 դրամից նախատեսվում է հասցնել 1 մլն 830 հազար 400 դրամի։ Աճը կկազմի 624 հազար դրամ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը 998 հազար 400 դրամից կդառնա 1 մլն 830 հազար 400 դրամ՝ աճելով 832 հազար դրամով։
Նշենք, որ այս գումարը ներառում է նաև հարկերը և այլ պարտադիր վճարները։
Հայաստանի կառավարությունը աշխատավարձերի բարձրացմամբ փորձում է զերծ մնալ միլիարդավոր դրամների պարգևավճարների շուրջ քննադատություններից։ Վերջին անգամ՝ մի քանի ամիս առաջ, պաշտոնյաների և պետական ոլորտի աշխատակիցների պարգևավճարներին հատկացվել էր 5 մլրդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

