Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.09.2026 | 13:52Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ ունի, և այս գործողությունները պատահական չեն: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի ունեցած բանավեճին։
«Պոտենցիալ իրեն ամենախոշոր ընդդիմադիր ուժերի առաջնորդներին ու ուժերին դրանով, այս ձևով փորձում է թուլացնել»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ հետապնդումների նպատակների վերաբերյալ կարելի է տարբեր ենթադրություններ անել։ Նրա կարծիքով՝ դրանք կարող են կապված լինել նաև հնարավոր հետագա զիջումների, Սահմանադրության փոփոխության շուրջ դիմադրության նվազեցման հետ։
Անդրադառնալով հոր՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ այդ գործընթացը կարող է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հաճոյանալու նպատակ ունենալ։
«Արցախի Հանրապետության բոլոր նախագահները փաստորեն այսօր բանտում են՝ երեքը Ադրբեջանում, մեկը Հայաստանում»,- նշեց նա։
Քոչարյանի պնդմամբ՝ այս գործողությունները հետևել են երկրի փաստացի ղեկավարի ուղիղ հրահանգներին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած դիտարկմանը, թե Լևոն Քոչարյանն իր ընտանեկան հարցերն է բարձրացնում խորհրդարանում և շահերի բախում ունի՝ պատգամավորը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն իր հայրն է, այլև իրենց դաշինքի առաջնորդը։
«Ռոբերտ Քոչարյանը, բացի իմ հայրը լինելուց, նաև մեր դաշինքի առաջնորդն է, ու երբ որ գալիս են անընդհատ նույն բաները խոսում են, նույն ստերը կրկնում են, սրանց, ոչ միշտ, բայց մերթընդմերթ անդրադառնում ենք»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հակադարձեց Փաշինյանի՝ շահերի բախման մասին պնդմանը՝ հարց բարձրացնելով, թե որքանո՞վ է ժողովրդավարության հետ համատեղելի, երբ երկրի ղեկավարը հայտարարություններ է անում իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարուցված և դատարանում քննվող գործերի վերաբերյալ։
«Երբ երկրի փաստացի ղեկավարը իր քաղաքական ընդդիմադիրներին բանտերն է նստեցնում, ու նաև այն գործերով, որոնք նախաքննական փուլում են կամ գտնվում են դատարանում, ինքը ասում է՝ իրենք պետք է նստեն, իրենցից պետք է խլվի ու մնացած-մնացած խոսույթը, դուք ի՞նչ եք կարծում, սա ժողովրդավարության հետ ինչքանո՞վ առնչություն ունի»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

