ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
Քաղաքականություն
02.09.2026 | 20:09
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Խաչատրյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց Խաչատրյանի հետ։ Ուսումնասիրվել են նրա իրավունքների ապահովման, այդ թվում՝ բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև պահման պայմանների վերաբերյալ հարցերը։ Առանձնազրույցի բովանդակությունը, հաշվի առնելով դրա խորհրդապահական բնույթը, հրապարակման ենթակա չէ։
Պաշտպանի փոխանցմամբ՝ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրներն արդեն հասցեավորվել են իրավասու մարմինների հետ քննարկումների շրջանակում, իսկ դրանց մի մասն այս պահին լուծման փուլում է։
ՄԻՊ-ը շեշտում է, որ հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում պետությունը պարտավոր է ապահովել նրա հատուկ կարիքներին համապատասխան պայմաններ։ Դրանք ներառում են անհրաժեշտ բժշկական, հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն, անհրաժեշտության դեպքում՝ պատշաճ խնամք, ինչպես նաև առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող սննդի հասանելիություն։
Պաշտպանը նաև ընդգծում է ազատությունից զրկված անձի իրավաբանական օգնության իրավունքի անխափան ապահովման կարևորությունը։
ՄԻՊ-ի հայտարարության համաձայն՝ Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը շարունակաբար մշտադիտարկվում են։ Միաժամանակ, Պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների կողմից ցանկացած քրեական վարույթի, այդ թվում՝ Խաչատրյանի գործի, պատշաճ, օբյեկտիվ և համակողմանի քննության իրականացումը՝ ամբողջությամբ երաշխավորելով անձի իրավունքները։
Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։ Հրապարակման ենթակա նոր տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՔԿ-ից հայտնել էին, որ Խաչատրյանի և նրա որդու տանը խուզարկություններ են կատարվել։ ՊԵԿ նախկին նախագահին ձերբակաալելու որոշում է կայացվել։ Նոր քրեական վարույթում խոսքը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վատնման, գույքի ապօրինի օտարման և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի մասին է։ Դատախազությունից հայտնել են.
-«Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց գույք ձեռք բերելու մասին,
-«Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում, ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնման մասին,
-Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմայի մասին, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու մասին։
Ավելի ուշ փաստաբանական խումբը տեսանյութ տարածեց, թե ինչպես են ԱԱԾ-ականները պատգարակով Խաչատրյանին տանում անկողնուց։ Լուսանկարներ հրապարակվեցին նաև դատարանի դահլիճից, Խաչատրյանը կալանքի վերաբերյալ նիստին մասնակցում էր պառկած վիճակում։
Դատախազությունից հայտնում են նաև, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել քրեական վարույթի շրջանակում նրա մասնակցությանը։ «Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության։ Դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Խաչատրյանի՝ ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո, որից նա հրաժարվել է։ Համապատասխան ցուցման առկայության դեպքում վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում։ Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են անհրաժեշտ գործիքակազմը, տեխնիկական միջոցները և մասնագետները, որոնք կարող են կատարել և կատարում են նման վիրահատական միջամտություններ»,- հայտնել են դատախազությունից։ Փաստաբանական խումբը պնդում է, որ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։ Նշենք` Խաչատրյանի նկատմամբ կատարված գործողություններին նախորդել էր նրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է։

