Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումն ու TRIPP նախագիծը
Քաղաքականություն
31.08.2026 | 13:04
Բիշքեկում Նիկոլ Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացումը։ Կողմերն անդրադարձել են նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին և կարևորել բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների շարունակումը։
«Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին շեշտել են, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել և պատրաստակամություն հայտնել շարունակելու ջանքերը՝ այն էլ ավելի խորացնելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության ու դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Ընդգծվել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հետագա կազմակերպումը կօժանդակի գործընկերության խորացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հնդկաստանի վարչապետին հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու հրավերը և պատրաստակամություն հայտել նույնպես պատեհ առիթով այցելել Հնդկաստան։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացման ընթացքին»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

