Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.08.2026 | 14:25ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը պնդեց, որ իշխանությունը դատավորներին հրահանգներ չի տալիս և նրանց չի զանգում։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և այն դիտարկմանը, որ իշխանության քաղաքական հայտարարություններին հաջորդում են իրավապահ մարմինների գործողությունները՝ Ղազարյանը նշեց, որ իրավապահ համակարգը պետք է գործի ինքնուրույն։
Նրա խոսքով՝ իշխանությունը տարիներ շարունակ խոսել է նախկին պաշտոնյաների ունեցվածքի և ապօրինի ծագում ունեցող գույքի մասին, իսկ այժմ իրականացվող գործընթացները մեկ գիշերվա ընթացքում ի հայտ եկած բացահայտումներ չեն։
«Իրավապահ համակարգը չպետք է առաջնորդվի ընտրական ցիկլերով և չպետք է առաջնորդվի քաղաքական հայտարարություններով»,- ասաց Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ իշխանությունը տարիներ շարունակ անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր է ստեղծել ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով քննություններ իրականացնելու համար։
«Յոթ-ութ տարի մենք դրել ենք բոլոր ինստիտուտները, բոլոր հնարավոր ինստիտուտները, որպեսզի այսօր դատարանները առանց որևէ հրահանգի գործեն: Մենք դատավորներին չենք զանգում»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։
Նա նաև նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործընթացները պետք է վերաբերվեն բոլորին՝ առանց բացառության։
«Իրավապահ համակարգը պետք է իր առաքելությունը կատարի բարձր մակարդակով, ուսումնասիրի և գնա բոլորի հետևից»,- նշեց Ղազարյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

