Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
Քաղաքականություն
26.08.2026 | 13:37
Հայ գործարար Կարեն Սաֆարյանին պատկանող Arins Group ընկերությունը ձեռք է բերում վրացական Terabank բանկը և Թբիլիսիի Biltmore հյուրանոցը, որոնք մինչ այժմ պատկանում էին ԱՄԷ-ից խոշոր ներդրող Arab Dabi Group-ին, գրում են վրացական լրատվամիջոցները։
Գործարքի գումարը չի հրապարակվում։ Terabank-ը պաշտոնական մամուլի հաղորդագրություն է տարածել, որում հայտարարվում է ընկերությանը «նոր ռազմավարական ներդրողի» միացման մասին։
«Վրաստանն ընտրվել է որպես տարածաշրջանային ընդլայնման առաջնահերթ շուկա՝ հաշվի առնելով երկրի տնտեսական աճի դինամիկան, հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը և ֆինանսական հատվածի կայուն վերահսկողության համակարգը»,- ասվում է բանկի հայտարարության մեջ։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ «գործարքը նախատեսվում է ավարտել Վրաստանի Ազգային բանկի կողմից անհրաժեշտ թույլտվությունները տրամադրելուց հետո»։
Նշվում է նաև, որ Terabank-ի բաժնետիրոջ և Լյուքսեմբուրգում գործող AGE S.A. ընկերության միջև կնքվել է համաձայնագիր՝ բանկի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ։ AGE S.A.-ն Arins Group-ի ֆինանսական էկոհամակարգի մաս է կազմում, որի մեջ է մտնում նաև Հայաստանի Ardshinbank-ը։
Terabank-ը Վրաստանի վեցերորդ խոշորագույն բանկն է ակտիվների ծավալով։ 2026 թվականի հուլիսի դրությամբ՝ դրա ընդհանուր ակտիվները կազմել են 2,27 միլիարդ լարի։
Terabank-ի մամուլի հաղորդագրության մեջ չի հիշատակվում Biltmore հյուրանոցը, սակայն հետագայում հրապարակվել է լյուքսեմբուրգյան AGE S․A․ կառավարչական ընկերության հայտարարությունը, որում ևս հիշատակվում է հյուրանոցի վաճառքը, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Երկու օր առաջ Վրաստանի Ազգային բանկը հայտարարել էր, որ տեղյակ է հայկական բանկի կողմից Վրաստանում ակտիվների նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն այս փուլում կարգավորող մարմինը գործարքի պաշտոնական հայտ չի ստացել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

