Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
Քաղաքականություն
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու վերաբերյալ, հայտարարել է իրանցի պաշտոնյան։ Երկու երկրները խոստացել են շարունակել բանակցությունները հաջորդ մի քանի ամիսների ընթացքում՝ «մշտական» լուծում գտնելու համար, գրում է New York Post-ը։
Երեքշաբթի հրապարակված համատեղ հայտարարությունը մանրամասներ է պարունակում ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղու մուտքն ու ելքը վերահսկող նավային երթևեկության կառավարման վերաբերյալ։ Նախկինում երկու երկրները ենթադրություն էին հայտնել, որ նեղուցով անցումը կարող է իրականացվել վճարովի հիմունքով։
«Առաջարկվող շրջանակը ներառում է Հորմուզի նեղուցով համատեղ ժամանակավոր նավարկային միջանցքի ստեղծում, ինչպես նաև նեղուցն ականներից մաքրելու համատեղ ծրագրի իրականացման համաձայնություն։ Երկու կողմերի միջև տեխնիկական բանակցությունները կշարունակվեն՝ մշտական նավարկային միջանցքի և նեղուցի հետագա կառավարման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման, նավային երթևեկության կառավարման և համապատասխան նավարկային ու անվտանգության ծառայությունների մատուցման մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելու նպատակով»,- ասվում է երկու երկրների ԱԳՆ-ների հայտարարության մեջ։
Օմանի ծոցից դեպի Պարսից ծոց մուտք գործող նավերը կանցնեն Իրանի տարածքով։ Իսկ Պարսից ծոցից դուրս եկող նավերը կանցնեն մասամբ Իրանի, մասամբ՝ Օմանի տարածքային ջրերով։ Այնուհետև երկու երկրներն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կշարունակեն բանակցությունները՝ «նոր, մշտական և կայուն երթուղու շուրջ փոխըմբռնման հասնելու» նպատակով, պետական հեռուստատեսությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

