Մեկը լինի ձեր դարդը լացի, դուք ինչ եք եկել «Բարգավաճ Հայաստանի» դարդը լացում․ Փաշինյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.08.2026 | 19:00Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման և պատգամավորների հարցերի ընթացքում լեզվակռիվ տեղի ունեցավ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Պատգամավորն անդրադարձավ Սահմանադրության հնարավոր փոփոխությանը, կառավարության ծրագրին և եկեղեցու նկատմամբ իշխանության վերաբերմունքին՝ հայտարարելով, որ ներկայացված ծրագիրը «պիղծ է», իսկ սահմանադրական փոփոխությունների օրակարգը պարտադրվում է Ադրբեջանի կողմից։
Գրիգորյանը նաև ընդգծեց, որ իշխանությունը ժողովրդից չի ստացել Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության ընդունումը եղել է ՔՊ նախընտրական ծրագրում, ապա քննադատեց ընդդիմությանը լեգիտիմությունից խոսելու համար։
«Ով, ո՛վ լեգիտիմությունից խոսա, դուք տանձից, խնձորից, մանդարինից խոսեք։ Ձեր առաջնորդը 1998 թվականին նախագահի պաշտոնում կարգվել է Սահմանադրության կոպտագույն խախտմամբ։ Իշխանությունը լեգիտիմության պրոբլեմ ունի այնքան ժամանակ, քանի դեռ Քոչարյանի կլանը չի ունեզրկվել մինչև վերջին կոպեկը։ Իմ պարտավորությունն է, որ քոչարյանասերժական կլանը օր առաջ ունեզրկվի»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ընդդիմության կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերաբերող շեշտադրումներին՝ վարչապետը հավելեց․ «Եկել եք «Բարգավաճ Հայաստանի» դա՞րդն եք լացում։ Մեկը լինի ձեր դարդը լացի, դուք ի՞նչ եք եկել «Բարգավաճ Հայաստանի» դարդը լացում։ Հրաժարվե՛ք ձեր մանդատներից»։
Արձագանքելով՝ Աննա Գրիգորյանը Փաշինյանին կոչ արեց «կրքոտ հռետորին մի կողմ դնել» և պնդեց, որ իշխանությունը փորձում է «ալիևյան Սահմանադրությունը հագցնել Հայաստանի վրա»։
Փաշինյանը հակադարձեց, թե ընդդիմության միակ մարտավարությունը սեփական շահերը պաշտպանելու համար ամեն ինչ Ալիևի հետ կապելն է։
«Սերժ Սարգսյանի հագով կարած Սահմանադրությունը փոխելը միշտ էլ եղել է մեր պլաններում։ 1994 թվականից դո՛ւք եք Հայաստանը մտցրել ադրբեջանական օրակարգի մեջ և անդադար բանակցել տարածքների վերադարձի շուրջ։ Եթե Հայաստանում կա ադրբեջանական օրակարգով շարժվող ուժ, այդ ուժը դո՛ւք եք»,- եզրափակեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

